Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանը շարունակում է հաճախել դպրոց, չնայած համադասարանցիները դասադուլ են հայտարարել և հրաժարվում են նրա հետ նույն դասարանում սովորել` պատճառաբանելով, որ նա ագրեսիվ է իրեն պահում եւ անընդհատ կոնֆլիկտներ ստեղծում։ Նոյեմբերի 28-ին Հարությունը մենակ է դասի նստել, չնայած դպրոցի տնօրինությունը ամեն կերպ փորձում է հարթել կոնֆլիկտը, Հարությունի դասընկերները հրաժարվում են նրա հետ դասի նստել։ NEWS.am-ի հարցին՝ կուզենա՞ր վերադառնալ իր նախկին դպրոց, Հարությունը մի քիչ մտածելուց հետո պատասխանեց. «Չէ»։

Նախքան թիվ 71 միջնակարգ դպրոց տեղափոխվելը Հարությունը 5 տարի հաճախել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց. «Նա ուսման հետ խնդիրներ չի ունեցել: Լավ է սովորում: Ուղղակի թիվ 114 դպրոցն անգլիական թեքումով էր, և բացի այդ եղբայրս երկրորդ հերթ լինելու պատճառով դասերն ուշ էր վերջացնում, որոշեցինք դպրոցը փոխել»,- NEWS.am-ին ասաց Հարությունի եղբայրը` Մակար Ղազարյանը:

Հարությունի եղբոր խոսքով` դպրոցը փոխելուն պես, սեպտեմբերին` ուսումնական առաջին օրվանից սկսած, Հարությունը խնդիրների առաջ է կանգնել. «Եղբայրս, ունենալով վատ տեսողություն, դասամիջոցին խնդրում է դասվարին, որպեսզի նստի առջևի ազատ նստարանին` գրատախտակը լավ տեսնելու համար: Դասվարը թույլատրում է և հեռանում: Այդ ժամանակ տղաներից մեկը հրամայական կերպով ասում է եղբորս, որ վեր կենա այդ տեղից, որովհետև «ըտեղ պիտի իրանց ախպերը նստի»: Եղբայրս հիշեցնում է, որ տեսողական խնդիր ունի, և դասվարը թույլատրել է, երբ գա իրենց բացակա ընկերը, նա վեր կկենա: Բայց տղաները պատասխանել են` «Ի՞նչ դասղեկ, մենք քեզ ասում ենք, էդ քեզ հերի՞ք չի»։ Դրանից հետո սկսել են վիճել»,- պատմեց Հարությունի եղբայրը:

Հարություն Ղազարյանի նախկին դպրոցի տնօրեն Կոստանյան Ռուզաննան նույնպես հաստատեց, որ Հարությունն իրենց դպրոցից տեղափոխվել է երկրորդ հերթի անհարմարության պատճառով. «Հարությունը մեր դպրոցում այդպիսի խնդիրներ չի ունեցել: Այսինքն՝ պրոբլեմ չի եղել: Կարող է՝ եղել են այնպիսի բաներ, որ բազմաթիվ դասարաններում են լինում` փոքր են, հրմշտում են, մի բառ ավել են ասում, մի բառ պակաս, բայց սա ես գնահատում եմ որպես աննորմալ երևույթ: Ես որ ասեմ՝ Հարությունն այստեղ աչքի ընկնող, վատ առումով աչքի ընկնող երեխա էր, բոլորովին, ընդհակառակը, սովորող է եղել, պատրաստված, կարգապահ: Եթե բացակայել է, ապա հիվանդության պատճառով է եղել»,- ասաց 114 դպրոցի տնօրենը:

Կոստանյան Ռուզաննան նշեց, որ պատրաստ է Հարությունին կրկին ընդունել իրենց դպրոց. «Հարությունն ուղեղն աշխատող, ճկուն տրամաբանությամբ, հարուստ ինտելեկտով երեխա է: Նա անհատական ինչ-որ բաներ ունի, որ սովորական աշակերտներից իր մտածելակերպով տարբերվում է` ազատ մտածող, արդարության համար պայքարող երեխա է»:

«Նելսոն Ստեփանյանի» անվան թիվ 71 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը չցանկացավ որևիցե մեկնաբանություն տալ, միայն նշեց, որ բոլոր աշակերտներն էլ հաճախելու են դպրոց. «Դա աշակերտների և ուսուցիչների խնդիրն է, ոչ թե ծնողների: Դպրոցում կա 600 աշակերտ և 2 անգամ ավելի ծնող: Մեր պարտականությունն է աշխատել աշակերտների հետ, ոչ թե ծնողների: Հարությունը ամեն օր գալիս է: Եվ շատ էլ լավ է անում»,- ասաց Գայանե Դեմիրյանը:

Թիվ 71 դպրոցի տնօրենին ավելի շատ բարկացրել էին լրատվամիջոցները: Նա զարմացած էր, թե ինչպես կարելի է գրել «Թիվ 71 դպրոցում փոքրիկ ահաբեկիչ է հայտնվել». «Ահաբեկիչը ո՞րն է: Մեկ էլ ֆեյսբուք սոցիալական համացանցում բոլորը քննարկում են, թե դպրոցի տնօրենն աշակերտին չի հեռացնում, քանի որ շահ ունի: Լավ է, որ մեր դպրոցում նման բան չկա: Բոլոր դպրոցների տնօրեններն ու հարազատներս զանգահարում են ու հարցնում` «Ի՞նչ է պատահել, այն էլ քո դպրոցում»: