Նոյեմբերի 29-ին «ԱԻՄ» առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ազատության հրապարակ էր հրավիրել նրանց, ովքեր «ոչ» են ասում «Հայաստանին քաղաքակիրթ աշխարհից հեռացնող իշխանություններին»:
Հանրահավաքի հետ միաժամանակ սկսվեց նաեւ անձրեւը: Անձրեւային եղանակի եւ տեխնիկական խնդիրների պատճառով հավաքը չհետաձգվեց, բայց նախատեսվածից ավելի ուշ սկսվեց: Առանց անձրեւանոցի Ազատության հրապարակ եկած հանրահավաքի մասնակիցները անձրեւից պաշտպանվում էին պոլիեթիլենային տոպրակներով:
«Եղանակը հայրենասեր մարդուն պիտի չընկճի»,- ասաց Պարույր Հայրիկյանը, որը նույնպես անձրեւանոցի տակ էր ելույթ ունենում, չնայած սկզբում հայտարարեց, որ անձրեւանոցն իրեն հարկավոր չէ, խոսափողի համար է։
Հանրահավաքի թեման Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման կասեցումը և Մաքսային միությանն անդամակցությունն էր։
«Մի հարց է մնում օդից կախված. էս խեղճ ռուսները՝ ռուս իմպերիալիստները, էլ ի՞նչ պիտի անեն հայ ժողովրդին, էլ ի՞նչ փորձանք պիտի բերեն մեր գլխին, որ հասկանանք՝ նրանք մեր համար մեկ թշնամին են»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։
Հայրիկյանը անհիմն է համարում փաստարկը, թե Ռուսաստանը կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր։
«Նախ պաշտպանող երկիրն իր դաշնակցին պատերազմով սպառնացող երկրին զանգվածային ոչնչացման զենք չէր տրամադրի, երկրորդ՝ Տավուշի մարզում անընդմեջ գնդակոծումներ ու Հայաստանին սպառնացող վտանգներ են, դուք երբեւէ լսել ե՞ք, որ գոնե քաղաքական հայտարարություն արվի Ռուսաստանի կողմից, որ մեր դաշնակցի վրա դուք կրակում եք»,- ասաց ԱԻՄ առաջնորդը՝ Հայաստանում գտնվող ռուսական զինված ուժերն անվանենելով «ձրիակերներ», քանի որ Ռուսաստանը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները։
Հայրիկյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է խոստովանեին, որ ճնշումների են ենթարկվել Մոսկվայի կողմից. «Կարող էին չէ մեր հակառակորդներն ասել՝ մենք ստիպված էինք նահանջել մեր նախօրոք որդեգրած դիրքորոշումից, որովհետեւ գործ ունեինք ավազակների հետ կամ կատաղած արջի հետ։ Եթե ձեզնից որեւէ մեկը, մի կարգին մարդ նախագահ լիներ, եւ հաշվի առներ ԱԻՄ-ի անցած ճանապարհը, Հայրիկյանի անցած ճանապարհը, կասեր՝ ի՞նչ է պետք անել: Ես կասեի, հրապարակային քննարկումներ,սպառնալիքների մասին հրապարակային խոսակցություններ,Վիլնյուս մեկնելուց առաջ էլ հայտարարել, որ Մոսկվան կարող է մեր դեմ չարագույժ քայլեր ձեռնարկել»:
Պարույր Հայրիկյանը պարբերաբար մարդկանց կոչ էր անում միասին արտասանել. «Հայաստանը մեր երկիրն է, մեր երկիրը տեր ունի, եւ այդ տերը մենք ենք»:
Պարույր Հայրիկյանի հաջորդ հանրահավաքը կլինի դեկտեմբերի 6-ին:











