Նոյեմբերի 30-ին «Ջերմության 1 գավաթ» սոցիալական ակցիայի շրջանակում «Հմտություններ և մեխանիզմներ կանանց առաջխաղացման համար» ծրագրի մասնակիցները և կամավորները Հյուսիսային պողոտայում անցորդներին տաք թեյ էին հյուրասիրում՝ հորդորելով նրանց բարի և սրտացավ լինել ջերմության կարիք ունեցող անօթևան մարդկանց նկատմամբ:
«Ակցիայի հիմնական նպատակը մարդկանց ուշադրությունը գրավելն է, ասելը, որ պետք չէ սպասել ակցիայի՝ բարի լինելու համար: Հյուրասիրելով տաք թեյ, հուսով ենք, որ մարդիկ ևս կջերմանան և իրենք իրենց հերթին բարություն և լավ գործ կկատարեն մարդկանց նկատմամբ, ովքեր դրանց կարիքն ունեն: Կարող են լինել շատ պարզ, հասարակ քայլեր, որոնք կջերմացնեն նրանց: Տնից դուրս գալիս կարող ենք տալ մի գավաթ տաք թեյ մեր բակում բնակվող անօթևանին»,- NEWS.am-ին ասաց նախաձեռնության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը՝ նշելով, որ Երևանում մոտ 200 անօթևան մարդ կա, որոնք մոտեցող ձմռանն ամենից շատ ունեն ջերմության կարիք:
Նախաձեռնությանը միացած քաղաքացիները նաև անօթևանների համար տաք հագուստ էին բերել իրենց հետ, որոնք տեղավորում էին Հյուսիսային պողոտայում տեղադրված հատուկ արկղերի մեջ:











