Նոյեմբերի 29-ին, ժամը 14:40-ին, ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների պատգամավորները վերցրել են ձևաթուղթը, որը պատգամավորների 44 ստորագրություններով նոյեմբերի 2-ին, մինչև ժամը 12-ը ԱԺ նախագահին ներկայացնելու դեպքում պատգամավորների ներկայացրած հայտարարության նախագիծն ավտոմատ ընդգրկվելու է առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ եւ քննարկվելու է արտահերթ։ Այս մասին նոյեմբերի 30-ին իրենց երեխաների հետ խորհրդարանի մոտ եկած՝ պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի որոշման դեմ բողոքող՝ ՏՏ ոլորտի աշխատողներին ասաց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Հաշվի առնելով, որ որոշման նախագծով հնարավոր չէ այնպիսի դրույթներ ամրագրել, որոնք օրենքի ձևակերպումներ պետք է ունենան, ասենք՝ օրենքը կասեցնել և այլն, հայտարարության նախագծում ամրագրել ենք մեր առաջարկները կառավարությանը, Կենտրոնական բանկին, որպեսզի ԱԺ համապատասխան հանձնաժողովների հետ միասին քննարկեն օրենքը կասեցնելու հարցը, հետաձգելու հարցը մինչև այդ հայտարարության մեջ նշված պայմանների իրագործումը կամ առնվազն 2015թ. հունվարի 1-ը»,- ասաց ՀՅԴ պատգամավորը։

Պատգամավորներն առաջարկում են այդ ընթացքում իրականացնել մասնագիտական, հանրային լայն քննարկումներ, մշակել նոր սցենարներ կենսաթոշակային բարեփոխումների, այդ թվում նաև՝ պարտադիր բաղադրիչը հանելու դեպքում, ապա վերջնական մշակված սցենարները դնել համաժողովրդական հանրաքվեի կառավարությանը վերապահված համաժողովրդական հարցման միջոցով, ապա մշակված սցենարները որպես օրենսդրական նախագիծ քննարկել ԱԺ-ում:

«Եվ վերջում առաջարկ Հանրապետության նախագահին. օգտվելով սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից՝ ապահովել այդ առաջարկների իրականացումը»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ հայտարարության նախագիծը շուտով կտարածվի «Ֆեյսբուքում»։