Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հյուսիսային պողոտայում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ քաղաքացիները «Հետազոտվի'ր և ապրի'ր» ակցիայի շրջանակում ժամը 16:00-ից մինչև 18:00-ն անվճար հետազոտվեցին՝ ստուգելով իրենց ՄԻԱՎ կարգավիճակը:
Թեստավորման շրջիկ լաբորատորիաները մինչև այդ մեկ շաբաթ եղել էին Գեղարքունիքի և Լոռու մարզերում, այնտեղ ևս անվճար հետազոտման ակցիաներ անցկացրել:
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի հաշվարկային տվյալներով ՁԻԱՀ-ի մեծ մասը գալիս է արտագնա աշխատանքների միջոցով:
«Մարդկանց մեջ ասոցացված է, որ դա բոլորի հիվանդությունն է, բայց ոչ թե իրենցը: Եվ շատ ճիշտ կլինի, որ մեր քաղաքացիները իմանային, որ այն արյան միջոցով և սեռական ճանապարհով է փոխանցվում»,-NEWS.am-ին ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության համանախագահ Սեմ Թադևոսյանը:
Հյուսիսային պողոտայում ակցիան ուղեկցվում էր DJ Vakcina-ի մասնակցությամբ համերգով, իսկ նախաձեռնության անդամները տեղեկատվական թռուցիկներ էին բաժանում անցորդներին:











