«Բերկուտը» ազատել է Ուկրաինայի նախագահի նստավայրի մերձակայքը
Ընդդիմության առաջնորդները նախագահական նստավայրի գրոհի մեջ մեղադրում են սադրիչներին…
«Բերկուտ» հատուկ ստորաբաժանման զինվորները ազատել են Բանկովայա փողոցը, որտեղ գտնվում էր նախագահական նստավայրը, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան: Ականատեսները վկայում են, որ ոստիկանները «ծեծի էին ենթարկում բոլորին անխտիր»: «Բերկուտի» զինվորները կիրառել են մահակներ, որոնց պատասխան քարեր են նետել: Շատ ցուցարարներ ստացել են ծանր վնասվածքներ:
Փողոցի ազատմանը մասնակցել են «Բերկուտի» մոտ հազար զինյալներ: Օպերացիան տեւել է մոտ 2-3 րոպե: «Բանկովայա փողոցում շատ արյուն կա: Բերկուտը բավական կոպիտ է գործում»,- հայտնում է «Դոժդի» Twitter-յան էջը: Թարմացված տվյալների համաձայն՝ բախումների ընթացքում տուժել է մոտ հարյուր ոստիկան: Ցուցարարների շրջանում տուժածների թվի վերաբերյալ տվյալներ չկան, սակայն խոսքը տասնյակների մասին է:
Եվրոպական հրապարակում «Բերկուտի» զինվորները զբաղեցրել են «Ուկրաինական տունը»(գործնական ու մշակութային համագործակցության կենտրոն). Շենքում գտվում է մոտ 2000 ոստիկան:
«Բատկովշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը նշում է, որ ընդդիմությունը կապ չունի Բանկովայա փողոցի գրոհի հետ ու կոչ է արել կառավարությանը հետ կանչել իր սադրիչներին: Նախագահի նստավայրի մոտ հայտնված ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կոչ է արել այնտեղ գտնվող եվրաինտեգրացման կողմնակիցներին շարժվել Անկախության հրապարակ:
«Ազատություն» խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստվում են խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ կիրառել: Նրա խոսքով՝ իշխանությունները դիտավորյալ կազմակերպել են սադրանքը վճարված «տիտուշկաների»(սադրիչներ) օգնությամբ, ովքեր հանդես են գալիս որպես «Ազատության» կողմնակից, որպեսզի արդյուքնում ուժի գործադրմամվ ցրեն ցույցերը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի մամուլի քարտուղար Վիտալի Լուկյանենկոն ժխտել է ավելի վաղ հայտնված տեղեկությունն այն մասին, որ Նախարարների կաբինետը քննարկում է դեկտեմբերի 2-ից Ուկրաինայում արտակարգ դրություն հայտարարելու մասին հարցը: Մամուլի քարտուղարը նշել է, որ ուկրաինական մայրաքաղաքում իրավիճակը «վերահսկողության տակ է»:
Ավելի վաղ ականատեսները հաղորդել են, որ Բանկովայա փողոցի գրոհի փորձին մասնակցել են ոմն երիտասարդներ, ովքեր նման են ֆուտբոլային երկրպագուների: Նրանք դիմակավորված էին, ձեռքերում մետաղական ձողեր ունեին:

Հասանելի է
русский



























