Երեւանում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքներով ստորագրվել է 12 կարեւորագույն փաստաթուղթ՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության եւ զբոսաշրջության հարցերին վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան 200 միջպետական պայմանագրեր եւ համաձայնագրեր ընդգրկող հարաբերությունների իրավապայմանագրային բազան: «Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձեւաչափով այլեւս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից:

Մենք ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման եւ սերտ համագործակցության կարեւորությունը միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ոլորտները եւ հաստատեցինք «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ու «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի անսասանությունը»,-ասել է նա: