Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Հայաստանի օլիմպիական կոմիտեի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 12-ին հանդիպեց գյումրեցիների հետ եւ Գյումրին Մշակութային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ հեռուստացույցներ նվիրեց գյումրեցի մշակութային գործիչներին, վարպետ-արհեստավորներին եւ մարզիկ-մարզիչներին:
Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը հիշեցրեց, որ այսօր հենց Ծառուկյանի նվիրաբերած տեխնիկայով են ձնից մաքրում Գյումրու փողոցները:
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ Գյումրին այն քաղաքն է, որը տալիս է չեմպիոններ եւ համաշխարհային նշանակության արվեստագետներ:
«Գյումրիում ապրում են տաղանդավոր մարդիկ ու դա ոչ թե գլուխ գովալու խնդիր է, այլ իրականություն: Երկրաշարժից հետո նորից ավանդույթները չեն կորել: Մարդիկ հավատում են իրենց, հույսը կապում են իրենց հետ ու կարողանում են հաղթահարել բոլոր խոչընդոտները: Այս ցրտի ու այլ պայմաններից ելնելով, եթե մշակույթի գործիչները շարունակում են ստեղծագործել, ուրեմն՝ արժանի են խոնարհման: Իրենք չեն լքում իրենց հայրաքաղաք՝ ծննդավայրը, իրենք այստեղ են, աշխատում, արարում ու ստեղծում են»,- ասաց Ծառուկյանը՝ խոստանալով այսուհետեւ էլ ուշադրության կենտրոնում պահել գյումրեցիների խնդիրները եւ օգնել նրանց՝ հաղթահարելու աղքատությունը։
Հեռուստացույցեր ստացած 70 գյումրեցիների անունները ԲՀԿ առաջնորդին նախապես ներկայացրել էր քաղաքապետը։ Ծառուկյանը նաեւ խոստացավ Գյումրիի տնակներում բնակվող 2980 անօթեւան ընտանիքներին իր բարեգործական հիմնադրամի գումարներից 60 միլիոն դրամ հատկացնել մինչեւ Ամանոր։
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ի նշան գյումրեցիների երախտագիտության Գագիկ Ծառուկյանին նվիրեց Գյումրվա կլկլան բաժակ:













