8-ամյա աուտիստ տղային օգնելու համար շան ձագը, որին կացարան էին տվել տանջված ու չարչարված վիճակում եւ հետո բուժել էին, ճանաչվել է Տարվա շուն-2013:

Ինչպես հաղորդում է www.prostozoo.com-ը, ընտանի կենդանին պարգեւատրվել է Կենդանիների հանդեպ բռնության կանխարգելման ամերիկյան հանրության կողմից՝ Նյու Յորքում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ:

Տղայի մոր խոսքով՝ Քսենան իր որդուն դարձրել է «աշխարհի ամենաերջանիկ երեխանի, որին ինքը երբեւէ տեսել է»: Կենդանին գրեթե դարձել էր նախկին տիրոջ բռնության զոհը: Երբ Քսենային ապաստանել էին Ջորջիայում Dekalb Animal Services կացարանում, կենդանին շատ վատ վիճակում է եղել, կշռել է երկու կիլոգրամից էլ պակաս եւ եղել է մահվան եզրին: Այս տարվա մարտին տղան շնիկի մասին իմացել էր Facebook-ից ու որոշել դառնալ նրա տերը: 

Երեխայի մայրը պատմել է, որ այժմ իր որդին չի լռում, պատմում է՝ ինչպես է անցել դպրոցական առօրյան, որտեղ նա նախկինում մութ անկյուն էր փնտրում՝ թաքնվելու, ստվերների հետ խաղալու կամ լուռ կանգնելու: Նա այնքան է առողջացել, որ շան հետ բեմ է դուրս եկել՝ մրցանակը ստանալու: