ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները հունվարին ֆուտբոլի երկրպագուներին կներկայացնեն իրենց ստեղծած ֆուտբոլային վեբ կայքը, որը, նրանց խոսքով, առաջինն է աշխարհում։
Կայքը հնարավորություն կտա օնլայն հետևել 41 առաջնությունների ֆուտբոլային հանդիպումների ընթացքին:
Ինը պատանիներն արդեն երկու ամիս աշխատում են ֆուտբոլային վեբ կայքի ստեղծման վրա։ Կայքը պատրաստելուց առաջ պատանիները ուսումնասիրել են համաշխարհային բազմաթիվ նմանատիպ կայքեր եւ որպես հիմք վերցրել օդանավերի երթեւեկության համար նախատեսված կայքերից մեկը։
Կայքում կարելի է հետեւել, թե տվյալ խաղի ժամանակ ով է գոլ խփել, ով է դեղին կամ կարմիր քարտ ստացել, ծանոթանալ մեկնարկային կազմերին և խաղացողների դասավորվածությունը:
«Եթե խաղն ընթացքի մեջ է, ապա քարտեզի վրա ցույց է տալիս կանաչ գնդակ, ընդմիջման ժամանակ՝ դեղին, և խաղն ավարտվելուց հետո՝ կարմիր: Խաղի ավարտից հետո ամբողջ ինֆորմացիան քարտեզի վրա պահպանվում է 10 րոպե, որից հետո այն անհետանում է և արխիվացվում»,- NEWS.am-ին ասաց ծրագրավորող Դավիթ Դավթյանը:
Կայքը նաև հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին անվճար բաժանորդագրվել և իրենց հավանած թիմերի խաղերի մասին ամբողջ ինֆորմացիան ստանալ էլեկտրոնային փոստով, եթե ժամանակ չունեն հետևել օնլայն կարգով:











