Արաբկիր վարչական շրջանի Արծրունի 90 հասցեում վարձով բնակվող Մերի Մարտիրոսյանին սպառնում է հաշմանդամություն ունեցող երկու երեխաների հետ առանց տանիքի մնալու վտանգը, քանի որ իր մոտ եղած գումարը բավականացնելու է միայն բնակարանի դեկտեմբեր ամսվա վարձը վճարելու համար:

2007թ. ընտանիքի հայրը հեռացել է: «Ինքը որոշ ժամանակ հոգում էր մեր կարիքները, բայց երբ սեփական ընտանիքն ունեցավ, դադարեց վճարել տան վարձը։ 2011թ. մնացինք դրսում,  ես դիմում էի ամեն տեղ, առաջին ամսվա գումարը կոպեկ-կոպեկ եմ հավաքել: Էլ տեղ չի մնացել, որ կարելի է դիմել, ու հունվար ամսվանից էլի կանգնած եմ պատնեշի առաջ ու էլ չգիտեմ՝ ում դիմեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մերի Մարտիրոսյանը:

Անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի համար հայրն այժմ 50 հազար դրամ ալիմենտ է վճարում, որը միայն նրանց սննդի գումարն է ապահովում: Բայց երեխաներին նաեւ դեղորայք է անհրաժեշտ. մանկական կաթվածի պատճառով հենաշարժողական համակարգի հետ խնդիրներ ունենալուց բացի 13-ամյա Սիրանույշը նաեւ տեսողության խնդիրներ ունի, իսկ աուտիզմով հիվանդ 12-ամյա Սամվելիկը՝ ուռոլոգիական: Այնուամենայնիվ, մոր ջանքերով հիմա երկուսն էլ հաճախում են միջնակարգ դպրոց, սովորում հանրակրթական ծրագրով ու բարձր առաջադիմությամբ: Սիրանույշը երաժշտական դպրոցում դաշնամուրի, այս տարվանից նաև վոկալի է հաճախում, ընդգրկված է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Թմբաթա» երգչախմբում, նաեւ թատերական խմբակ է հաճախում ու նկարում. դեռ 8 տարեկանում բացվել է նրա նկարների առաջին ցուցահանդեսը:

«Այսօրվա դրությամբ իմ աղջիկը Երեւանում եւ Հայաստանում շատ միջոցառումների է մասնակցում, ու մասնակցում է լիարժեք, ոչ որպես հաշմանդամ»,- ասաց երեխաների մայրը՝ նշելով, որ իրեն շատերն են հորդորում երեխաների ուսուցումը տնային պայմաններում կազմակերպել, քանի որ ամեն տեղ հաճախելիս իրենք ստիպված են լինում տաքսիով գնալ։

Ամսվա վերջին օրերին, եթե շենքի բնակիչները վերելակի վարձը վճարած չեն լինում,  այն անջատում են ու մայրը մանկասայլակով Սիրանույշին գրկած 10-րդ հարկից իջեցնում է ու բարձրացնում: Քաղաքի ուրիշ թաղամաս տեղափոխվել չեն կարող, քանի դեռ երեխաները դպրոցը չեն ավարտել: «Եթե նույնիսկ աղջկաս հետ խնդիրներ չառաջանան, տղայիս համար դժվար կլինի: Ինքն արդեն սոցիալիզացվել է, եւ մեծ սխալ կլինի նրան ուսումնական նոր միջավայր մցնել»,- ասաց տիկին Մերին՝ հավելելով, որ պետությունն իրենց միայն սոցիալական բնակարան է առաջարկում, սակայն այն հեռու է թե՛ երեխաների դպրոցից, թե՛ բուժման այն կենտրոններից, որտեղ նրանք հաճախում են:

Աուտիզմով հիվանդ երեխայի համար հանրակրթական դպրոցում սովորելը հեշտ չէ։ Արդեն հինգ տարի տիկին Մերին ամեն օր Սամվելիկի հետ դպրոց է գնում ու նստում բոլոր դասերին։ Մայրը հրաժարվում է որդուն հանել դպրոցից՝ գիտակցելով, որ դրսի աշխարհի հետ կապը կտրելով՝ կտրելու է նաեւ Սամվելիկին երբեւէ լիարժեք մարդ դարձնելու հույսի բարակ թելը։