Դեկտեմբերի 14-ին ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ 4 տարի առաջ ավտովթարի հետևանքով կոմայի մեջ հայտնված եւ երկարատեւ բուժումից հետո ապաքինված Հասմիկ Մուրադյանի «Հայ-ճապոներեն զրուցարանի» շնորհանդեսը:

2005թ. ուսումն ավարտելուց հետո Ճապոնիա աշխատելու մեկնած Հասմիկ Մուրադյանը 7 ամիս անց վերադարձել է Հայաստան, գնել սեփական մեքենան ու ճապոնացի զբոսաշրջիկների խմբերի հետ աշխատել որպես զբոսավար:

 2009թ. ավտովթարից հետո Հասմիկից չորս տարի է պահանջվել ինքնուրույն քայլել սովորելու համար: Բուժման վերջին տարվա ընթացքում Հասմիկը սկսել է աշխատել իր հայերեն-ճապոներն զրուցարանի վրա. «Ամուսինս ցույց տվեց հայերեն-ճապոներեն զրուցարան, որի մասին ես տեղյակ չէի: Պարզվեց՝ ռուսերենից հայերեն թարգմանություն է։ Ես անընդհատ կարդում էի, բողոքում, վերջապես որոշեցի ինքս կազմել զրուցարան»,- պատմեց Հասմիկը։

Չնայած առողջական խնդիրներին՝ Հասմիկը տանը նստած աշխատում էր։

«Երիտասարդ առաջնորդների դպրոցի լավագույն սաներից մեկն էր: Ես հպարտ եմ, որ ծանոթ եմ նման ուժեղ հոգի ունեցող մարդու հետ, որը կարողացավ հաղթահարել իր մեջ դժբախտության թուլությունը և վերադառնալ հասարակություն որպես լիարժեք անդամ»,- Հասմիկի մասին պատմեց Երիտասարդ առաջնորդների դպրոցի նախկին տնօրեն, թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Գիրքն արդեն գրախանութներում է, արժե 2500 դրամ։