Ազգությամբ հնդիկ Ջեյսանկար Դեի համար Հայաստանը երկրորդ հայրենիք է, ու չնայած հայ չէ, բայց Արարատը նրա համար շատ մեծ նշանակություն ունի. «Ես շատ եմ սիրում Արարատը, գժվում եմ ամեն օր Արարատը տեսնելու համար»: Բուսաբան-էկոլոգ Լիլիթ Վարդանյանի և միկրոբիոլոգ Ջեյսանկար Դեի սիրո պատմությունը սկսվել է 2002թ.: Նրանք առաջին անգամ հանդիպել են Հնդկաստանի Գոա քաղաքի Օվկիանոսագիտության ազգային ինստիտուտում, որտեղ միասին աշխատել են, սակայն մտերմացել են Լիլիթի՝ Հնդկաստանում մնալու վերջին շաբաթվա ընթացքում:
«Մեր մտերմանալու պատճառն այն էր, որ իմ աշխատանքային գործիքներից մեկը փչացել էր, և մասնագետն էլ տեղում չէր: Ջեյը փորձեց ինձ օգնել, և դրանից հետո սկսվեց մեր մտերմությունը»,- պատմեց Լիլիթը: Դրանից հետո Լիլիթը վերադարձել է Հայաստան և Ջեյի հետ կապը պահպանել հեռախոսով ու ինտերնետով։
Երկրորդ հանդիպումը 2004-ի փետրվարին էր, նույն տարվա դեկտեմբերին Ջեյը եկել է Հայաստան, ծանոթացել Լիլիթի ծնողների հետ ու խնդրել նրա ձեռքը։ Լիլիթը փոքր տարիքից երազել էր Հնդկաստանի մասին. «Փոքր ժամանակ հայրիկիս ասում էի, որ շատ եմ ուզում գնալ Հնդկաստան,վայելել Հնդկաստանի բնությունը, հայրս էլ ասում էր, որ անպայման կգնամ»։ Լիլիթը ծնողներից որոշ ժամանակ է պահանջվել համակերպվելու հնդիկ փեսա ունենալու մտքի հետ:
«Տատիկիս ասացի, որ հնդիկ տղայի եմ հավանում, տատիկս նայեց ինձ, ասաց՝ ո՞նց հնդիկ, բայց հետո տատիկս ու Ջեյը իրար հետ նույնիսկ ինտերնետով էին խոսում»,-պատմեց Լիլիթը: Ջեյսանկարի ծնողները դեմ չեն եղել հայուհի հարսին. «Մայրիկս ասում էր՝ միայն մուսուլման չլինի, ես էլ ասեցի՝ չէ, հայերը մուսուլման չեն, քրիստոնյա են»: Ջեյսանկարի և Լիլիթի 7-ամյա դուստրը՝ Սոֆին հինդու չի խոսում, բայց շատ է սիրում հնդկական պարեր: «Ամենաշատը սիրում եմ դահուկ քշել, սիրում եմ Հայաստանի դրոշը, ծաղիկները և Հովհաննես Թումանյանի արձանը»,- ասում է Սոֆին։
Ծնողները որոշել են, որ Սոֆիին կրոնի հարցում ոչինչ չեն պարտադրելու, թողնելու են՝ չափահաս դառնալուց հետո ինքնուրույն որոշի: Նոր տարվա սեղանը Լիլիթը հայկական ձևով է պատրաստում, բայց անպայման երկու-երեք տեսակի հնդկական կերակուր էլ եփում: «Մինչև հունվարի 8-ը Հայաստանում ուտուշ-խմուշի մեջ են, բայց մեզ մոտ Հնդկաստանում 2 օր է տևում»,- ասում է Ջեյը՝ նշելով, որ Հայաստանում Նոր տարին ավելի լավ են նշում:











