Անահիտ Բախշյանը արդարացնում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ դեկտեմբերի 23-ին գազային համաձայնագրերի քվեարկությունից առաջ պատգամավորների քարտերը հավաքելու արարքը: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Կեցցե՛ Զառան: Երանի բոլորս մեկական Զառա լինենք, եթե բոլորս մի-մի Զառա լինենք, այդպիսի խուլիգաններ չեն հավաքվի Ազգային Ժողովում և պետությունը այսպես էժան չեն ծախի»: Անահիտ Բախշյանը համոզված է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրերին կողմ քվեարկած ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորների գործողություններն անօրինական են եղել: «Ո՞նց են պատասխան տալու այդ մարդիկ ապագայում էն սերունդների անեծքների համար, որոնց արժանանալու են, ես չգիտեմ»,-ասաց Անահիտ Բախշյանը: Նրա խոսքով՝ պատգամավորները գոնե պետք է սակարկեին համաձայնագրի պայմանների վերաբերյալ, բայց ասացին «եկեք մեզ սպանեք, եկեք մեզ մորթեք, եկեք մեր վրայով ձեր ոտքերը սրբեք, գնացեք ու եկեք Ռուսաստան»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը 72 կողմ ձայնով վավերացրեց ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը, նրանք քվեարկել էին ձեռքով: