Մոտ 30 րոպե դրսում սպասելուց եւ ձվերով «Արցախբանկի» շենքի ապակիներին հարվածելուց հետո, Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնակիչներից 5-ին ընդունեցին «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղում, որտեղ նրանց խոստացան հունվարի 16-ին հանդիպել յուրաքանչյուր բնակարանատիրոջ հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։
Անվտանգության աշխատակիցներին հրամայված էր ներս թողնել միայն 4 քաղաքացու, սակայն երկար վիճաբանություններից հետո եւս մեկին թույլատրվեց մասնակցել հանդիպմանը։
«Ամեն ինչ օրենքով պիտի լինի. մենք իրենց առաջարկած 900 դոլարին չենք համաձայնվելու, գերադասում ենք մեր տունն առնեն 850 դոլարով: Հենց էս դիմացի շենքում տուն կառնեմ մեկը ես»,- բանակցություններից հետո լրագրողներին եւ խաբված մյուս բնակարանատերերին ասաց ակցիայի մասնակիցներից Զոյա Պետրոսյանը։
Մի քանի բնակարանատերերի համար այս քայլը զարմանալի էր: «Ուզում են մեզ պառակտեն, դրա համար են էսպես անում»,- նշեց բնակիչներից մեկը։
Նշենք, որ «Տոնուս»-ից տուժած բնակիչները այսօր՝ դեկտեմբեր 26-ին, «Դուրս մեր բնակարաններից, Դու օտար ես, «Արցախ»բանկ, «Դատապարտում ենք «Տոնուսի» եւ «Արցախբանկի» կանխամտածված խարդախությունը», «Կանխենք «Արցախ»բանկի հանցավոր գաղափարները» գրությամբ պաստառներով հավաքվել են Կառավարության մոտ, որտեղից էլ երթով շարժվել «Արցախբանկ»՝ պահանջելու իրենց բնակարանները։ Հասնելով բանկ՝ բնակիչները պարզեցին, որ մուտքի դռները փակ են, իսկ պատուհանների շերտավարագույրները՝ փակած։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։ Նոյեմբերի 14-ին խաբված բնակարանատերերը ներխուժել էին Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ, հանդիպեցին կառավարչի հետ, սակայն ոչինչ չէր փոխվել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











