Սիրիայից մեկ ու կես տարի առաջ Հայաստան տեղափոխված Առաբաթլյանների ընտանիքն այս տարի Ամանորը կդիմավորի իրենց համար ավանդական դարձած կերակրատեսակներով՝ ղավուրմայով, սարմայով, թարաթորայով: NEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ ճոխ գնումներ չեն կատարել. Սիրիայում 15 կերակրատեսակ էին պատրաստում, իսկ այստեղ պատրաստելու են այնքան, ինչքան նյութական միջոցները բավականացնեն։ Առաբաթլյաններին զարմացնում է, թե ինչպես են հայաստանցիները պարտքով պատրաստվում Ամանորին։
«Կարոտում ենք Ամանորի անհոգ մթնոլորտը։ Էստեղ մարդիկ մեղկ են, ես լսում եմ՝ մարդիկ իրենց ոսկիները կծախեն, չգիտեմ ինչ կենեն, կերթան բուդ կառնեն: Հիմա լսում ենք կոկորդիլոս է, չեմ գիտե ինչ է, երեւակայություններ են ատոնք եւ հաճույք չկա էտոր մեջ, մերը չէ»,-ասաց ընտանիքի հայր Կարբիս Առաբաթլյանը։
Սիրիահայ ընտանիքը Նոր տարին դիմավորում է տանը. մինչեւ կեսգիշեր ավանդական ճաշերն են ուտում, իսկ 24:00-ից հետո՝ քաղցրեղենը: Այնուհետեւ Սիրիայից Հայաստան վերադարձած մյուս ընտանիքների հետ հավաքվում են, շնորհավորում միմյանց. «Մենք, ընդհանրապես, կհավաքվեինք իրարու հետ, ոչ թե մեկի տանը, այլ մի սրահում: Պարտադիր չէ, որ մեկը մյուսին ծախս դնեցնել տա, էրթա իրեն տունն անպայման մի հատ հյուրասիրվի: Էդ ծախսն այդքան կարեւոր չէ»:
Հունվարի 1-ի առավոտյան ավանդույթների համաձայն «ճերմակ ուտելիք» են պատրաստում՝ մածունով ու սպասով քուֆթա: Իսկ Սուրբ Զատիկի օրը մասնակցում են պատարագի, հետո շրջում միմյանց տներով, շնորհավորում իրար:
Եթե Հալեպում Ամանորին պատրաստվում են դեռ մեկ ամիս առաջ, ապա Հայաստանում՝ ամսվա վերջին օրերին։
«Հալեպում դեկտեմբերի 1-ից մենք պատրաստվում ենք կաղանդի: Դեկտեմբերի 1-ին անպայման ամեն տուն պետք է ծառերը դրվի: Պատուհաններու մեջ զանգակներ, ամեն զարդարանք կդրվեն ու գունավորումներ կարվեն ամեն տարվա համեմատ»,- պատմում է պարոն Կարբիսը՝ ափսոսանքով նշելով, որ այստեղ նախատոնական մթնոլորտը միայն դեկտեմբերի վերջին օրերին է զգացվում՝ ամանորյա գնումների շրջանում:











