Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի տևած դատական նիստի արդյունքում բավարարեց Երեւան քաղաքի քննչական ՃՏՀ քննությունների բաժնի ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանի միջնորդությունը. Վարդան Պետրոսյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին NEWS.am-ին ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
«Մերժեցին նաև գրավով Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու իմ միջնորդությունը»,- նշեց փաստաբանը։
Հարցին, թե դատարանն ինչու նման որոշում կայացրեց, Բաղդասարյանն ասաց. «Դատարանում կարծիք է հնչել, որ ազատ արձակվելով Վարդան Պետրոսյանը կարող է նորից մեքենա վարել, անզգույշ լինել և վթարային իրավիճակ ստեղծել»։
Փաստաբանը պատմեց, որ Վարդան Պետրոսյանն արձագանքել է դատարանի այս դիտարկմանը՝ ասելով, որ «ծիծաղելի է, քննիչն էլ, դատավորն էլ վստահ են, որ նման բան չի լինի»։
Հայտնի դերասանը նորից կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց», չնայած առողջական վիճակը բավարար է։
Նշենք, որ առավոտյան ժամը 11։30-ից դերասանին սատարող մարդիկ, ընկերներն ու հարազատները սպասում են դատարանի բակում, քանի որ նրանց թույլ չէին տալիս մտնել շենք՝ պատճառաբանելով, որ աշխատանքային օր չէ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16-ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորվել էր, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:











