«Հանուն ազատ անկախ Հայաստանի» Ազատության հրապարակում այսօր՝ հունվարի 1-ին ժամը 15:00-ից հավաքվում են քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր երթով շարժվելու են դեպի Ազգային անվտանգության ծառայություն՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթը դեռ չի մեկնարկել, սակայն հրապարակում արդեն հավաքվել է ավելի քան 40 քաղաքացի, այդ թվում Շանթ Հարությունյանի 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, Եղիա Ներսիսյանը, Վրեժ Զատիկյանը: Հրապարակում են նաև մեծ թվով ոստիկաններ:

«Հունվարի 1-ին Գարեգին Նշդեհի ծննդյան օրն է, և մենք պարտավոր ենք այդ օրը հարգել նրա հիշատակը և վերակառուցել նրա կերտած ազատ անկախ Հայաստանը»,- ասում են հավաքի մասնակիցները:

Նշենք, որ բողոքի երթի մասին օրեր շարունակ Շահեն Հարությունյանն ու ընկերներն իրազեկել են՝ թռուցիկներ բաժանելով մետրոյի կայարաններում: Դեկտեմբերի 30-ին Շահենը մետրոյի «Բարեկամություն» կայարանում բռնության է ենթարկվել. Քաղաքացիական հագուստով մի տղամարդ Շահենին ստիպել է պառկել և ուտել գետնին ընկած թուղթը: