Ոստիկանները թույլ տվեցին «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի համար բողոքի երթ անցկացնող ակտիվիստներին մոտենալ Ազգային անվտանգության ծառայության շենքին, կանգնել մի քանի րոպե ու հեռանալ: (ֆոտոռեպորտաժ)
Նալբանդյան փողոցը փակել էին ոստիկանական մեքենաները, իսկ մուտքը՝ շղթա կազմած ոստիկանները. Նրանց մեջ կային նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին ոստիկան Կարեն Մովսիսյանը թույլ տվեց ռուպերով խոսել. «Պապ ջան, սիրում եմ քեզ, դուխով եղիր, Նոր տարիդ շնորհավոր, քեզ առողջություն»:
Ակտիվիստներից Վրեժ Զատիկյանը նույնպես միացավ Շահենի շնորհավորանքին. «Քեզ ազատություն ճաղերի հետեւից, թե չէ դու ազատ ես, քան այստեղ կանգնած շատ այլ մարդիկ»:
Բողոքի երթի մասնակիցները վանկարկում են «Մենք բոլորս Շանթ ենք»: Ակցիան ԱԱԾ-ի մոտ այսքանով ավարտվեց:
Ակտիվիստներն այս պահին վերադառնում են Ազատության հրապարակ՝ հայտարարելով, որ բախումների պատճառը կարմիր բերետավորներն են եղել. «Էնքան ուժեղ են սեղմել ու հրել, որ պայուսակս պոկել են»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ակտիվիստներից մեկը:
Նշենք, որ հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է, եւ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ երթ են կազմակերպել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Նրանք երթով հասան ԱԱԾ, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկաններ՝ թույլ չտալով անցնել դիմացի մայթ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բողոքի երթի մասին օրեր շարունակ Շահեն Հարությունյանն ու ընկերներն իրազեկել են՝ թռուցիկներ բաժանելով մետրոյի կայարաններում: Դեկտեմբերի 30-ին Շահենը մետրոյի «Բարեկամություն» կայարանում բռնության է ենթարկվել. Քաղաքացիական հագուստով մի տղամարդ Շահենին ստիպել է պառկել և ուտել գետնին ընկած թուղթը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











