Անգլիայում մի տղամարդ դիմակով ներխուժել է փոստային բաժանմունք և փորձել 4 տարբեր ձևերով անցնել ապակեպատ սեղանի հակառակ կողմը և գումար գողանալ։

Փոստատան անվտանգության տեսախցիկը ֆիքսել է գողության փորձը. գողը մտնում է փոստային բաժանմունք, փորձում բացել գանձապահների մոտ տանող դուռը, սակայն, տեսնելով, որ այն կողպված է, գանձապահներից գումար է պահանջում եւ մերժում ստանալով` բարձրացնում է փոստատան սրահում դրված ազգային վիճակախաղի տոմսերի պլաստմասե ստենդը և դրանով փորձում կոտրել ապակյա պատնեշը: Երբ դա էլ նրան չի հաջողվում, կրկին ապարդյուն փորձում է բացել գանձապահների մոտ տանող կողպված դները, ապա ցատկում է աշխատանքային սեղանին, հեռացնում առաստաղի պոլիպրոպիլենային սալիկները, ապակու վրայով անցնում հակառակ կողմը, վերցնում սեղանին դրված փոքր քանակությամբ կանխիկ գումարը, դուրս գալիս դռնով և փախուստի դիմում:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել հուսահատ գողին: Ըստ ոստիկանության՝ գողությունից առաջ ակամատեսները լսել են՝ ինչպես է փոստատան դիմաց կանգնած տղամարդը խոսում այն մասին, որ իր երեխաներին ամանորյա նվերներ գնելու համար գումար չունի։