«Թեւան Պողոսյանը շատ լավ պատգամավոր է, եւ ես հույս եմ տածում, որ ինքը կվերանայի իր որոշումը ու կմնա խմբակցությունում»։ Հունվարի 10-ին Ազատության հրապարակում այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆիի Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչով է բացատրվում մանդատը վայր դնելու՝ Թեւան Պողոսյանի որոշումը։
«Ես ակնկալում եմ, որ ինքը կմնա խմբակցությունում։ Ես նման կոչով դիմել եմ Թեւան Պողոսյանին։ Նա շատ լավ կատարում է իր պատգամավորական պարտականությունները»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ Թեւան Պողոսյանի հետ հանդիպել է Հայաստան վերադառնալուց հետո։
Անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ թեեւ դերասանը իր հետ կատարվածին քաղաքական աստառ չի տալիս, բայց եթե նրա փոխարեն լիներ քաղաքական այլ դիրքորոշում ունեցող արվեստագետ, չէր հայտնվի նրա կարգավիճակում։ «Ակնհայտ է, որ նա կալանավորվել է օրենքի երկակի կիրառմամբ»։
Նրա խոսքով՝ քանի որ Վարդան Պետրոսյանը այն մարդկանցից չէ, որ կարող է փախուստի դիմել, նա պետք է հնարավորություն ունենա իր շահերը պաշտպանել ազատության մեջ։ Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպել է դերասանին, սակայն նրան թույլ չեն տվել տեսակցել Շանթ Հարությունյանին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











