ԱՄՆ-ի Միչիգան լճում 34 կգ-անոց սառցե գնդեր են հայտնվել: Daily Mail-ը տեղեկացնում է, որ անհավատալի ձմեռային այս երևույթը նկատվում է ամեն անգամ, երբ լճում ջրի ջերմաստիճանը զրոյից ցածր է լինում։
Սառցե գնդերը ձևավորվում են սառույցի մեծ կտորներից: Սառցե մեծ կտորները կոտրվում են, իսկ լճի ալիքները հարթեցնում են դրանք, կլորացնում եզրերը և գնդակի տեսք տալիս:
Քամիները սառցե կտորները բերում են ափ, դրանք ճանապարհին չեն խորտակվում, քանի որ կարծր սառույցն ավելի փոքր խտություն ունի, քան հեղուկ ջուրը:
Անհավանական երևույթը գրավել է շատ լուսանկարիչների և զբոսաշրջիկների ուշադրությունը, չնայած նման դեպք Միչիգանում առաջին անգամ չէ տեղի ունենում:











