Հունվարի 10-ին Երեւանի Սբ Հովհաննես եղեկեղեցում տեղի ունեցավ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» թատրոնի հիմնադիր ռեժիսոր Արմեն Մազմանյանի հոգեհանգստի արարողությունը:

Արարողությանը ներկա էին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ  նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, դերասանի գործընկերներն ու ընկերները:

Արմեն Մազմանյանը մահացել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հունվարի 8-ին 54 տարեկան հասակում։ Նա Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը ղեկավարում էր արդեն երրորդ տարին:

Մազմանյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 12.00-14.00-ը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:

Արմեն Մազմանյանը ծնվել է Երևանում: 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1981-88թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան, ռեժիսոր, 1986-88թթ` պատանեկան թատրոնի ստուդիայում` որպես գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր: 1988թ-ից հիմնադրել և ղեկավարել է «Գոյ» թատրոնը, 1991թ-ից` «Գոյակ» մշակութային զարգացման գործարարական ընկերակցությունը,  «Հայարտ» նախագիծը:1998-2009թթ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսի ղեկավար, պրոֆեսոր:Կազմակերպել և նախաձեռնել է բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ, արվեստի երեկոներ, շնորհանդեսներ, շոու-ծրագրեր, ցուցահանդեսներ, հեռուստանախագծեր: Մասնակցել է արցախյան մարտերին և եղել է «Մուշ» զորամիավորման ջոկի հրամանատարը: Արժանացել է «Գարեգին Նժդեհ» շքանշանի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, Մարտական ծառայության մեդալի: 2009թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: