Հունվարի 11-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում  տեղի ունեցավ ռեժիսոր Արմեն Մազմանյանի հրաժեշտի արարողությունը:

Արարողությանը ներկա էին պաշտոնատար անձինք, ռեժիսորի գործընկերները, ընկերներն ու երկրպագուները, ովքեր ռեժիսորին հրաժեշտ տվեցին ծափահարություններով։

Այս կապակցությամբ Հայաստան ժամանած հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը NEWS.am–ի թղթակցին հետ զրույցում ասաց, որ Մազմանյանը Հայաստանում  վերջին տարիներին իրեն հանդիպած բացառիկ կրեատիվ  ռեժիսորներից էր:

Արմեն Մազմանյանը  ծնվել է Երևանում: 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1981-88թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան, ռեժիսոր, 1986-88թթ` պատանեկան թատրոնի ստուդիայում` որպես գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր: 1988թ-ից հիմնադրել և ղեկավարել է «Գոյ» թատրոնը, 1991թ-ից` «Գոյակ» մշակութային զարգացման գործարարական ընկերակցությունը,  «Հայարտ» նախագիծը:1998-2009թթ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսի ղեկավար, պրոֆեսոր:Կազմակերպել և նախաձեռնել է բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ, արվեստի երեկոներ, շնորհանդեսներ, շոու-ծրագրեր, ցուցահանդեսներ, հեռուստանախագծեր: Մասնակցել է արցախյան մարտերին և եղել է «Մուշ» զորամիավորման ջոկի հրամանատարը: Արժանացել է «Գարեգին Նժդեհ» շքանշանի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, Մարտական ծառայության մեդալի: 2009թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

Արմեն Մազմանյանը 54 տարեկան էր, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը ղեկավարում էր արդեն երրորդ տարին: