Գյումրիի բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել «Շիրակ կենտրոնը»: Խնդրով մտահոգ, քրեակատարողական հիմնարկության սոցաշխատակիցները եւս դիմել են մեր կազմակերպությանը: Բանն այն է, որ թեեւ Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետեւանքով կորցրել է բնակարան եւ անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթեւանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչեւ օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել:

Գյումրիում ընթացող բնակբաշխման վերջին փուլում էլ թեեւ Կ. Աթանեսովայի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հանձնվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին, սակայն այս անգամ էլ նրան մերժել են տխրահռչակ 432-րդ որոշման հիման վրա, հավանաբար այն պատճառով, որ նա, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, ժամանակավորապես դուրս է հանված Գյումրու հաշվառումից: Իհարկե, անտրամաբանական է ստացվում, առավել եւս՝ անհասկանալի եւ հակամարդկային: Լավ, բա մարդը սահմանված պատժաչափը կրելուց հետո որտե՞ղ է բնակվելու:

Ավելացնենք նաեւ, որ ՀՀ կառավարության վերոհիշյալ՝ 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշումը կարծես թե ընդունվել է ավելի շուտ անօթեւան քաղաքացիներին բնակարաններից զրկելու, քան թե նրանց բնակարանային խնդիրները լուծելու համար:

Անօթեւան դատապարտյալ կնոջ բնակարանային թնջուկի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: