Այսօր՝ հունվարի 13-ին, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած տասնյակ ազատամարտիկների եւ լրագրողների թույլ չեն տվել մտնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ազատամարտիկները դժգոհել են, որ դրսում շատ ցուրտ է, բայց նրանց թույլ չեն տվել նախասրահում սպասել դատի ավարտին, ինչը դատական կարգադրիչների եւ ազատամարտիկների ու լրագրողների միջեւ վիճանաբության պատճառ է դարձել։
«Մի դարձեք հանցագործի պաշտպանող, դուք ժողովրդի իրավունքը պաշտպանեք, սեփական ուղեղով շարժվեք», - բողոքում էր ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը:
Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի համառության շնորհիվ, կարգադրիչները ներս են թողելմիայն մի կնոջ, որի ինքնազգացողությունը ցրտից վատացել էր։
Լրագրողները զանգահարել են ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանին, եւ միայն դրանից հետո հավաքվածնեին թույլ են տվել մտնել նախասրահ:
Այս պահին ընթանում է դատական նիստը, որտեղ քննարկվում է Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու՝ քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Ազատամարտիկները դատարան են եկել ՀՀ դրոշներով եւ Վոլոդյա Ավետիսյանին պաշպանող գրություններով պաստառներով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար:











