Իշխանությունները հաշվեհարդար են տեսնում ոչ միայն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի, այլեւ նրա ընտանիքի նկատմամբ։ Այս մասին հունվարի 13-ին Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը՝ նշելով, որ Վոլոդյա Ավետիսյանի կրտսեր որդուն, չնայած առողջական լուրջ խնդիրներին, զորակոչում են բանակ:
«Էնքան են լկտիացել ու սրիկայացել, էնքան են խիղճները կորցրել, որ հաշվեհարդար են տեսնում անգամ իր կրտսեր որդուց։ Երեխան ունի թունավոր զոբ, սրտի պրոբլեմներ, ինչի համար երկու տարով հետաձգել էին նրա զորակոչը։ Բայց այսօր առանց պատշաճ զննության բանակ են զորակոչում։ Վոլոդյայի կատարած սխրանքները հերիք են, հարյուրավոր հաբռգած պաշտոնյաների փոխարեն էլ է ինքը մարտնչել»,- ասաց նա՝ նշելով, որ երկրում «իրավական բեսպրեդել է»։
Նշենք, որ դատարանն այսօր բավարարեց քննիչի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարացրեց խարդախության մեղադրանքով արդեն չորս ամիս կալանքի տակ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը։











