Հունվարի 13-ին Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարացրեց խարդախության մեղադրանքով արդեն չորս ամիս կալանքի տակ գտնվող ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը։

Դատական նիստերի դահլիճից դուրս գալիս Վոլոդյա Ավետիսյանը, դիմելով որդուն՝ Նորայր Ավետիսյանին, բացականչեց. «Դուխներդ չգցեք, ձեզ պինդ պահեք»։

Մի քանի տասնյակ ազատամարտիկները, որոնք եկել էին դատարան՝ սատարելու իրենց մարտընկերոջը, «կեղծիք», «դավաճանություն» բացականչություններով արձագանքեցին կալանքը երկարաձգելու մասին տեղեկությանը։

Դատարանի շենքից Վոլոդյա Ավետիսյանին տեղափոխող մեքենան նրանք ճանապարհեցին «Վոլոդյա, Վոլոդյա» վանկարկումներով։

Ավելի վաղ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հույս էր հայտնել, որ այսօր իր պաշտպանյալին դատարանի դահլիճից ազատ կարձակեին՝ հաշվի առնելով փաստը, որ վերջին չորս ամիսներին քննիչը Վոլոդյա Ավետիսյանի մասնակցությամբ քննչական որեւէ գործողություն չի իրականացրել։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: