Անօթեւան դատապարտյալ կինը ճանաչվել է շահառու, եւ նա բնակարան կստանա: «Շիրակ կենտրոնի» պատրաստած եւ տարածած «Անօթեւան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից» տեսանյութը նվիրված էր Գյումրիի բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրին: Բանն այն է, որ թեեւ Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետեւանքով կորցրել է բնակարան եւ անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթեւանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչեւ օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել:
Գյումրիում ընթացող բնակբաշխման վերջին փուլում էլ թեեւ Կ. Աթանեսովայի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հանձնվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին, սակայն այս անգամ էլ նրան մերժել են տխրահռչակ 432-րդ որոշման հիման վրա, հավանաբար այն պատճառով, որ նա, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, ժամանակավորապես դուրս է հանված Գյումրու հաշվառումից: Հայաստանյան գրեթե բոլոր առաջատար էլեկտրոնային պարբերականներում տեսանյութի հրապարակումից մի քանի օր անց՝ երեկ երեկոյան, ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնեց, որ ներկայումս դատապարտյալ այս կնոջը շահառու ճանաչելու եւ բնակարանով ապահովելու մասին նախորդ օրը համապատասխան գրությամբ տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետին:
ՀՀ քաղաքաշինության պաշտոնյան հայտնեց, որ Կ. Աթանեսովային բնակարանով ապահովելու հարցը լրացուցիչ քննարկման է ենթարկվել բնակբաշխման հանձնաժողովի 2013 թ նոյեմբերի 26-ին կայացած նիստում, եւ հաշվի առնելով պահանջված ու ներկայացված նոր փաստաթղթերը, նա ՀՀ քաղշին նախարարի համար 366 հրամանով մեկ անձով ընդգրկվել է աղետի գոտում մեկսենյականոց բնակարաններ ստացող ընտանիքների ցուցակում: Նրան նախատեսվում է բնակարան տրամադրել Գյումրիում կառուցվելիք լրացուցիչ 430 բնակարաններից:
Անօթեւան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից











