Կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ պայքարողները այսօր՝ հունվարի 16-ին, Հանրապետության հրապարակում առավոտյան 8։30-ից սկսեցին ավտոիրազեկման երթը։ (ֆոտոռեպորտաժ)

Մեծ թվով քաղաքացիներ իրենց մեքենաներով, տաքսիներով «Դեմ եմ» դրոշակներով եւ հունվարի 18-ին կայանալիք մեծ հավաք-երթի մասին իրազեկող պաստառներով մոտ մեկուկես ժամ պտտվեցին հրապարակի կենտրոնով, ինչի հետեւանքով ստեղծվեց խցանում։ Ոստիկանները միջամտեցին՝ պահանջելով դուրս գալ հրապարակի տարածքից, իսկ երբ տեսան, որ ցուցարարները չեն հեռանում, սկսեցին գրել ակցիային մասնակցող մեքենաների, այդ թվում՝ տաքսիների պետհամարանիշները։

Մասնակիցների եւ լրագրողների հարցին, թե ինչու են մեքենաների պետհամարանիշները գրանցում, եթե նրանք որեւէ խախտում չեն արել, ոստիկանները հրաժարվում էին պատասխանել։ Նշենք, որ իրազեկման ակցիայի մանսակիցները, ինչպես նախապես որոշել էին, երթեւեկության որեւէ խախտում չարեցին։

«Երեւի ուզում են խուճապ առաջացնեն»,- NEWS.am-ին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ոստիկաններից մեկը NEWS.am-ին ասաց, որ ինքը մոտ 20 պետահամարանիշ է գրանցել։

Ակցիային մասնակիցների մի մասը հրապարակ էր եկել ընտանիքներով։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Ազատության հրապարակում սպասվում է մեծ հավաք երթ, որին բացի կուտակային կենսաթոշակի օրենքի դեմ պայքարողներից մասնակցելու են խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ) ներկայացուցիչները։ Ակցիայի մանսակիցները պահանջելու են չեղյալ հայտարարել օրենքը, որով 1974թ-ից հետո ծնված ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ամսական գրանցված աշխատավարձերից 5%-ի չափով պարտադիր վճարում կատարեն կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ին։