Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի դին 17։30-ի մոտ բերել են տուն՝ զինվորական շարասյան ուղեկցությամբ (ֆոտոռեպորտաժ)։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արմենի մայրը, տատն ու երեք քույրերը անընդհատ վատանում են։ Շտապօգնությունը, որն առավոտից կանգնած է Հովհաննիսյանների տան մոտ, պարբերաբար նրանց բուժօգնություն է ցուցաբերում։ Հիշեցնենք, որ Արմենը տան միակ արու զավակն էր։
Արմենին հողին կհանձնեն վաղը Եռաբլուրում։ Կլինի պատվո պահակախումբ, զինվորական նվագախումբ, զորամասից եւ նախարարությունից բարձրաստիճան սպաներ կայցելեն՝ հարգանքի տուրք մատուցելու։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։













