«Երևան» բժշկական կենտրոնից հունվարի 20-ի գիշերը, ժամը 04:00-ի սահմանում անհետացած՝ Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ, 74-ամյա Էդիկ Մադյանին վերջին անգամ տեսել և հետը խոսել է հիվանդանոցի հավաքարարը։ NEWS.am-ի հետ զրույցում Յուրա Մելքոմյանը պատմեց, որ հիվանդը հոգեկան հավասարակշիռ վիճակում է եղել, իրեն ասել է, որ դուրս է եկել՝ մաքուր օդ շնչելու ու ծխելու:
«Ես աշխատանքի վայրում էի: Բուժքույրն ասեց՝ տես էդ մարդն ինչի է գնում գալիս: Ասեցի՝ ախպեր ջան, էս ինչ ես գնում գալի, շատ նորմալ պատասխանեց, ասեց՝ չե՞մ խանգարում քեզ, ասեցի՝ չէ: Ասեցի՝ ծխում ես, ներսում ծխի, թե չէ կմրսես, ասեց՝ ուրեմն իմ մասին տենց մտածող կա, ես չգիտե՞մ»,- պատմեց հիվանդանոցի հավաքարարը՝ նշելով, որ իր հետ խոսելուց հետո Էդիկ Մադյանին հիվանդանոցի բակում քայլելիս է տեսել, սակայն 15 րոպե անց նրան այլևս չի տեսել:
Էդիկ Մադյանի որդու՝ Մարտին Մադյանի պատմելով, վիրահատույունից հետո հայրը պարբերաբար խոսում էր իր մահացած բարեկամների մասին, ասում՝ իբր նստած են կողքին. «Ստամոքսի վիրահատությունից հետո մի օր լավ էր, հետո սկսեց իրեն տարօրինակ պահել: Ասում էր՝ ուզում եմ գնամ գյուղ, ուզում եմ ծխեմ: Գիշերը մայրս մոտն է եղել, 3-ից հետո, որ քնով ա ընկել, երևի էդ ժամանակ դուրս է եկել»,- ասաց Մարտին Մադյանը՝ նշելով, որ հոր մոտ գումար չի եղել, հագին եղել է բարակ վերնաշապիկ, փաթաթված է եղել հիվանդանոցի ծածկոցով:
Էդիկ Մադյանին բուժող բժիշկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդի մոտ ստամոքսի խրոնիկ խոցային հիվանդություն է եղել, վիրահատվել է հունվարի 15-ին:
«Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել, բայց հունվարի 18-ի գիշերը հիվանդի մոտ նկատվել է գրգռված վիճակ: Ծխելու կռիվ էր անում, ինձ ասում էր՝ բժիշկ ջան, դուրս գրի, գնամ գյուղ: Բայց հանգստանում էր, որ ասում էի՝ հիմա դեռ ժամանակը չի: Երկուշաբթի պետք է նյարդաբանի կոնսուլտացիա անեինք, բայց չհասցրինք»,- պատմեց Ներսես Ներսեսյանը՝ նշելով, որ հիվանդի որովայնի խոռոչին դրենաժ է ամրացված եղել և այդ վիճակում 2-3 ժամ դրսում մնալուց հետո հիվանդը կրիտիկական վիճակի մեջ կհայտնվեր։
Նրա խոսքով՝ տարեց հիվանդների մոտ հետվիրահատական շրջանում երբեմն նկատվում է աթերոսկլերոզ, որը, սակայն, ժամանակի ընթացքում վերանում է։
Էդիկ Մադյանի հարազատները դիմել են ոստիկանություն, եւ նրան տեսնողներին խնդրում են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 093 98 83 82, 093 13 11 74։











