ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 23-ին, դռնփակ նիստում մերժեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի խափանման միջոցը եւս երկու ամսով երկարաձգելու՝ Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 28-ի որոշումը բողոքարկող փաստաբան Ինեսա Պետրոսյանի հայցը։
Իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու համար մեղադրվող Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ Շանթ Հարությունյանին կալանքի տակ պահելու համար քննիչը որեւէ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացրել։
«Որեւէ հիմք չի ներկայացվել, ըստ որի Շանթ Հարությունյանը կարող է խուսափել նախաքննությունից կամ խոչընդոտել այն: Շանթ Հարությունյանն ունի մշտական բնակության վայր: Կալանքը միայն հիմնավորում են նրանով, որ նա կարող է ազդեցություն գործել վկաների վրա, սա ստանդարտ ձեւակերպում է: Դա էլ որեւէ կերպով փաստարկված չէ, թե նա ինչ ազդեցություն կարող էր ունենալ վկաների վրա»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:
Ինեսա Պետրոսյանը նաեւ նշեց, որ դատարանին փաստարկներ է ներկայացրել, որոնցով հիմնավորվում է, որ նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի գործողություններում հանցակազմ չի եղել, եւ որ իր պաշտպանյալին առաջադրված իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքն անհիմն է. «Այդ անձը եղել է քաղաքացիական հագուստով, եւ Շանթ Հարությունյանը չէր կարող իմանալ եւ ենթադրել , որ նա ոստիկանության աշխատակից է»։
Փաստաբանի խոսքով, քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանն էլ հակափաստարկ է ներկայացրել՝ ասելով, թե քաղաքացիական հագուստով ոստիկանը ներկայացել է: « Ըստ նրանց ներկայացրած նյութերի, այդ անձը ընկած էր, նրան հարվածում էին եւ Շանթն էլ մոտեցել եւ ինքն էլ է հարվածել, այսինքն նա չէր կարող ներկայանալ»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:
Պաշտպանը հիշեցրեց նաեւ, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորված է 13 մարդ, որոնցից մի քանիսին առաջադրված է միջին ծանրության հանցագործության մեղադրանք՝ 316 հոդածի 1-ին մասով. «Իմ կարծիքով, սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ այստեղ քաղաքական խնդիրներ են հետապնդվում»։











