«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, ներկայում կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանի երիկամի մեջ քար են հայտնաբերել. նա բուժման կուրս է անցնում: Այս մասին հունվարի 23-ին լրագրողներին ասաց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
«Հիմա ապաքինման փուլում է, հացադուլից հետո էլ դժվար է վերականգնվում,բուժվում է, բավականին նիհարած է»,- ասաց Ինեսա Պետրոսյանը։
Պաշտպանը պատմեց, որ երեկ է այցելել դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Շանթ Հարությունյանին, նա հիվանդանոցի պայմաններից գոհ է. «Նա առաձին է պահվում, ասում է՝ պայմանները բավարար են: Երկու անգամ արդեն հանդիպել է տան անդամների, որդու հետ»:
Հիշեցնենք, որ 16 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին հունվարի 9-ին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին կալանավորել են եւ մեղադրանք առաջադրել 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով եւ մահակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Ձերբակալվել էր 20 մարդ, որոնցից 6-ին ազատ են արձակել, մյուսներին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել։











