Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցում, որտեղ սովորել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը,  ռազմագիտության դասասենյակը կկոչեն նրա անունով:

Արմենի ուսուցիչներն առանց հուզվելու չեն կարողանում խոսել ամաչկոտ, ազնիվ աչքերով, համեստ ու ընկերասեր իրենց աշակերտի մասին։

«Արմենն այն աշակերտն էր, որը տղա երեխա էր, բայց  կարմրել գիտեր նկատողությունից, պատրաստակամ էր և նվիրված իր ընկերներին: Սովորելու մեջ առանձնապես աչքի չէր ընկնում, բայց ամենակարևոր հարցում աչքի ընկավ. ամենակարևոր դասը շատ լավ էր սերտել»,-ասաց տիկին Հովհաննիսյանը։

Դպրոցի պատին փակցված են Արցախի ազատամարտում զոհված՝ դպրոցի սաների լուսանկարները։ Շուտով դրանց կողքին կավելանա արդեն խաղաղության պայմաններում իր կյանքի գնով սահմանը պաշտպանած զինվորի նկարը։ Մինչեւ այդ Արմենի հերոսության մասին աշակերտներին կհիշեցնի դպրոցի միջանցքում նրա հիշատակին բացված անկյունը՝ սեղանիկը՝ մոմերով, ծաղիկներով ու Արմենի լուսանկարով։

Եվս մեկ անկյուն՝ Արմենին նվիրված, բացվել է Երևանի Մշակույթի պետական քոլեջում, որտեղ Արմենը սովորում էր օպերատորություն։ Այստեղ Արմենին նույն բառերով են հիշում. ՝ համեստ, ընկերասեր, նաեւ՝ կազմակերպված ուսանող:

«Նա իրոք որ հայ զինվոր էր, արժանի զավակ էր, և սպասելի էր նման հերոսական  քայլը Արմենի կողմից»,-ասաց Արմենի կուրսղեկ Տիգրան Կարապետյանը` նշելով,որ հպարտ է, որ ճանաչել եւ շփվել է նրա հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: