Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) ապրիլին էկրան կվերադառնա սոլո ծրագրով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասանը՝ նշելով, որ այդ ֆորմատով հաղորդում Հայաստանում դեռ չի եղել։
«Նոր հետաքրքիր ծրագիր ենք մշակում այժմ, այստեղ՝ չարված ֆորմատ է, ինչպես միշտ, դժվար ճանապարհով ենք գնում: Այս ֆորմատը աշխատանքի առումով շատ դժվար է, բայց դիտելու առումով շատ հետաքրքիր է եւ բավականին ծիծաղելի»,- պատմեց դերասանը:
Հայկ Մարությանը ծրագրի համահեղինակն է եւ գլխավոր դերակատարը։
Դերասանի խոսքով՝ քաղաքացիական ակտիվ գործունեությունն իր ստեղծագործական ծրագրերը չի խոչընդոտում, պարզապես ստիպված է լինում սցենարի վրա գիշերն աշխատել։
Նշենք, որ Հայկ Մարությանը հայտնիներից առաջինն էր, որ միացավ ուղեվարձի թանկացման, Ռուսաստանի հետ գազի պայմանագրերի դեմ պայքարին, այժմ էլ զբաղվում է բարեգործությամբ եւ հանգստյան օրերին անվճար սնունդ է բաժանում անապահովներին։











