«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր` փետրվարի 4-ին, տեղի ունեցավ հայկական արտադրության առաջին պլանշետի` ArmTab-ի պաշտոնական ներկայացումը: Պլանշետներն արտադրող հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc/Armtab Technologies կորպորացիայի հիմնադիր Վահան Չակարյանը նշեց, որ պլանշետների դետալներն առայժմ բերվում են դրսից, բայց ծրագրային ապահովումը իրականացվում է Հայաստանում (ֆոտոռեպորտաժ):
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, «Միննո» կորպորացիայի նախագահ Էրիկ Ռայանը:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հիմնադիրներին եւ հեղինակներին՝ նշելով, որ սա հաջողություն է, քանի որ Հայաստանը ՏՏ ոլորտով ձեռք է բերում տնտեսական մասնագիտացման ուղղություն։
«Այս ծրագրի նպատակն է 1700 դպրոցների առաջին դասարանցիներին ապահովել հայկական արտադրության պլանշետներով»,- ասաց վարչապետը։ ՀՀ դպրոցներում «ԱրմԹաբ» պլանշետները կներդրվեն 2015թ.։
Հայկական արտադրության պլանշետները աշխատելու են Արաքս օպերացիոն համակարգով եւ Ոստան օգտագործողի միջավայրով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











