Ֆեսյբուքյան օգտատեր, ՀՀԿ-ական Արկադի Ոսկանյանը լրագրող Թեհմինե Ենոքյանից պահանջել է հեռացնել նրա տարածած լուսանկարը, եւ սպառնացել, որ չջնջելու դեպքում լրագրողի նկարները Անժելա Սարգսյանի նկարների նման ֆոտոշոփ կանի, կտարածի ինտերնետում: Այս մասին Թեհմինե Ենոքյանը հայտարարեց ՀԱԿ անդամներին, ակտիվիստներին ու լրագրողին փետրվարի 12-ին բերման ենթարկած ոստիկանների ապօրինի գործողությունների դեմ փետրվարի 14-ին Մաշտոցի պուրակում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։

«Այս մարդը գրել էր՝ դու ինձ չես ճանաչում, թույլ չեմ տա իմ անձի հետ տենց բաներ անել, ես մաքուր ապրել եմ սաղ կյանքս, մաքուր էլ կապրեմ: Արագ կերպով ջնջում ես նկարս: Ջնջի, թե չէ քո նկարներով նենց բաներ կանեմ կքցեմ ֆեյսբուքում, տունը կմնաս»,- ֆեյսբուքյան նամակագրության ժամանակ գրել է Արկադի Ոսկանյանը։

Նշենք, որ լրագրողն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր երկու օր առաջ ՀԱԿ-ի երիտասարդների Մարտի 1-ի հանրահավաքն իրազեկող ակցիան խոչնդոտած ՀՀԿ երիտթեւի անդամների նկարները եւ ավելացրել նրանց մասին տեղեկություններ:

Լրագրող Թեհմինե Ենոքյանն ասաց, որ սպառնալիքներին եւ հայհոյանքներին չի պատասխանել, դիմել է ոստիկանություն եւ հաղորդել հանցագործության մասին. «Չպատասխանեցի, գրածները սքրինշոթ արեցի, հետո նյութ գրեցի, տեղադրեցի ֆեսյբուքյան իմ էջում: Արձագանքել են մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ` Հելսինկյան կոմիտեն, անգամ ԵԱՀԿ-ից էին զանգահարել»։

Թեհիմինե Ենոքյանը հայտարարեց, որ ինչ էլ պատահի, չի ջնջելու այդ նկարները. «Եթե էլի սպառնալիքներ կամ հայհոյանքներ լինեն, ամբողջը հրապարակելու եմ: Այնպես որ, խորհուրդ կտամ զերծ մնալ նման քայլերից»:

Մաշտոցի պուրակից ՀԱԿ անդամները եւ քաղաքացիական ակտիվիստները քայլեցին դեպի Ազատության հրապարակ՝ ճանապարհին բարձրախոսով իրազեկելով Մարտի 1-ի հանրահավաքի մասին։