Երկրապահ կամավորների միության 10-րդ հոբելյանական համագումարին ներկա է նաեւ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, բայց չի եկել ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն 3-4-րդ տարին է, ինչ մասնակցում է համագումարին:
«ԵԿՄ վարչության անդամներին հրավեր պետք չէ, նրանք պետք է գային, կարծում եմ՝ իրենք ընդամենը պարտավոր են ներկա լինել, իսկ ինչ վերաբերում է Արամ Սարգսյանին, միգուցե նա հրավիրվա՞ծ է, կգա, թե չէ, չգիտեմ: Արամը ԵԿՄ անդամ է, ինչքան գիտեմ, բայց ես վարչության անդամ եմ, ես պարտավոր եմ այստեղ լինել»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Պատասխանելով եղբոր հետ տարաձայնությունների վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ ինքը քաղաքականության մեջ չկա, եւ ԵԿՄ-ն էլ քաղաքականացված միավորում չէ. «Քաղաքականությամբ չեմ զբաղվում, Արամի հետ քաղաքականություն չենք քննարկում մեր տանը, իսկ մենք եղբայրներով առհասարակ տարաձայնություններ չունենք»,- ասաց Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը:
Խոսելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների մասին՝ նա նշեց, որ վերջին անգամ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է հոր թաղմանը: «Երբեմն պատահաբար հանդիպում ենք, ինձ թույլ չեմ տալիս քաղաքական հարցեր տալ, հարցնում եմ իրենից, իր ընտանիքից: Երկրի վիճակը, որպես քաղաքացի, գնահատում եմ միջակ: Չեմ կարծում, որ եթե ուզենամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, նա ինձ կմերժի: Սովորական կենցաղային հարցերից ենք խոսում, քաղաքական հարցեր չեմ տալիս, որպես իմ եղբոր ընկեր եւ իմ բարեկամ, իսկ քաղաքական հարցերը թող կուսակցությունները տան: Մենք անցած ճանապարհ ունենք Սերժ Սարգսյանի հետ 1988թ-ից սկսած»,- ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը:
Ինչ վերաբերում է իր առողջական վիճակին, Արմեն Սարգսյանը այն երկու բառով գնահատեց՝ «կիսատ, պռատ», այնուհետեւ հավելեց. «Իմ մեղավորությունն է, տանը անշարժ նստած եմ»:
Նշենք, որ Երեւանում այսօր՝ փետրվարի 15-ին, երկու համագումար է ընթանում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում ժամը 11.00-ին, մեկնարկել է Երկրապահ կամավորական միության 10-րդ հոբելյանական համագումարը: Դրան հրավիրված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները, ՀՀԿ-ական վերնախավը:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում էլ ժամը 11.00-13.00 կլինի ԲՀԿ 7-րդ համագումարը: ԲՀԿ համագումարի առաջին նիստը փակ է լինելու, ժամը 12:45-ից կուսակցության գրասենյակի առաջին հարկի սրահում գործելու է մամուլի կենտրոն, որտեղ տեղի կունենա ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցը:











