Հալեպահայ Անդրանիկ Գոզքուչուկյանը մեկն է այն 10 հազար սիրիահայերից, որոնք պատերազմից փախչելով ` ապաստան են գտել Հայաստանում:
Պարոն Գոզքուչուկյանը իր ընտանիքի հետ Հայաստան է եկել մոտ 1.5 տարի առաջ: Հալեպում բեռնատարների ավտոպահեստամասերի վաճառքով էր զբաղված, սակայն Երեւանում նախկին բիզնեսը շարունակելու հնարավորություն չունի, փոխարենը` արագ սննդի կետ ու փոքրիկ ռեստորան ունի քաղաքի կենտրոնում:
«Կփորձինք այստեղ հարմարվիլ: Դժվար է, անշուշտ, Եվրոպա երթալ, նոր զրոյեն սկսիլ: Երեսուն տարվա մեր աշխատանքը ձգեցինք եւ հոս եկանք: Նորանոր սկսեցինք մի քանի քայլ առաջ երթալ: Աս ալ ձգելով` Եվրոպա երթալու մասին հիմա չենք մտածիլ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անդրանիկ Գոզքուչուկյանի կինը` Հասմիկ Գոզքուչուկյանը:
Տիկին Հասմիկի խոսքով, Հայստանում ապրելու առաջին ինն ամիսներն ավելի ծանր էին, քանի որ ընտանիքը վարձով էր ապրում ու աշխատանք չկար, իսկ պետության կողմից առաջարկված նոր գործ սկսելու բոլոր ծրագրերը կիսատ մնացին: Որոշեցին իրենց միջոցներով սեփական գործը հիմնել։ Քաղաքի կենտրոնում վարձակալած տարածքում Գոզքուչուկյանները վաճառում են Հալեպի մարթատել, Հալեպի գուբաթի ու սիրաիական խոհանոցի այլ ճաշատեսակներ։
Այն հարցին, թե արդյոք ընտանիքը մտածում է Սիրիա վերադառնալու մասին, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Սիրիա երթալը կըփափագինք, անշուշտ, եթե առաջվա Սիրիան վերադառնանք: Ավելի նախընտրելի է: Այստեղ ապրելու պայմանները ավելի դժվար են: Մենք, որ եկած ենք, վարձով կնստինք: Աշխատանքի վայրը վարձով: Ասի մեզի համար մեծ պրոբլեմ է»,- ասաց տիկին Գոզքուչուկյանը` ցանկություն հայտնելով, որ գոնե հարկային բեռը ինչ-որ կերպ մեղմվի:
«Փող շահիլը Երեւանի մեջ ավելի դժվար է: Հարկայինները մեզի կըծանրաբեռնեն շատ: Գոնե մեզի հարկայինը թեթեւացնեին»:











