Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ֆաթիհ» նախագծի շրջանակում Անկարայում հանդիպել է աշակերտների հետ, որի ժամանակ աշակերտներից մեկի կողմից արված «գորշ գայլերի» նշանը մեծ իրարանցում է առաջացրել։
Թուրքիայի մի շարք դպրոցներում պլանշետ համակարգիչների բաժանման հետ կապված «Ֆաթիհ» նախագծի ներկայացմանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի մի մեծ դահլիճում հանդիպել է պլանշետներ ստացած աշակերտների հետ։
Էրդողանի ելույթի ժամանակ վերջին շարքում նստած 9-րդ դասարանի մի աշակերտ թուրք ազգայնականների «գորշ գայլերի» նշանն է արել, որն իրարանցում է առաջացրել Էրդողանի թիկնապահների մոտ։ Անմիջապես թիկնապահները շարժվել են աշակերտի ուղղությամբ, սակայն նկատելով, որ Fox TV հեռուստաընկերության տեսախցիկն ուղղված է իրենց ուղղությամբ, նախ շրջափակել են աշակերտին, այնուհետ նրա ուսուցչից վերցրել աշակերտի անձնական տվյալները եւ մինչ հանդիպման վերջը հսկողության տակ են պահել աշակերտին։











