Առինջ գյուղի խանութներից մեկից գողություն կատարելու կասկածանքով օրերս բերման է ենթարկվել Առինջ գյուղի բնակիչ Յուրիկ Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 18-ամյա Յուրիկ Հ.-ն խոստովանել է, որ 2013-ի նոյեմբերին ինքը գողությունը կատարել է իր ծանոթ ոմն Սուրենի հետ: Նրանք գիշերն աննկատ մտել են Առինջ գյուղի խանութներից մեկի բակը, կոտրել խանութի հետնադուռն ու գողացել խմիչք, ծխախոտ, լիցքավորման քարտեր, բնական հյութեր եւ կոնֆետներ: Վերջում վերցրել են դրամարկղում եղած գումարն ու ներսից բացելով խանութի դուռը` գողոնը դուրս հանել` տուժողին պատճառելով 1մլն 800 հազար դրամի նյութական վնաս:
Գողացված ապրանքը Յուրիկն ու Սուրենը տարել են տարածքից հեռու եւ պահել` աստիճանաբար իրացնելու նպատակով:
Յուրիկի հանցակիցը նրանից ավելի ճարպիկ է գտնվել եւ սկսել է պահված ապրանքը Յուրիկից թաքուն գողանալ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Յուրիկ Հակոբյանը կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Սուրենի անձը պարզելու եւ հայտնաբերելու համար:
Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում:











