Երեւանի Շիրակի փողոցում տեղադրված ազգային հերոս Մովսես Գորգիսյանի կիսանդրին պղծողը հոգեկան հիվանդություն ունեցող կին է։ Այս մասին փետրվարի 18-ին NEWS.am-ին ասաց Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզան Գորգիսյանը։
«Երեկ առավոտյանն է եղել: Շատ անպատվաբեր էր: Ինքը գրել էր «Մուկուչ, Նորո, Հովո»: Արձանի տակ գրել էր «թուրք»: Էստեղ կանայք հարձակվել են, միջադեպ է եղել, աղմկել են: Էդ կանանց էլ է հայհոյել ու փախել: Հոգեկան հիվանդ է եղել: Որեւէ նորմալ մարդ, առավել եւս կին իրեն հաստատ այդպիսի բան թույլ չէր տա»,- ասաց տիկին Գորգիսյանը։
Ռուզան Գորգիսյանին վրավորում են նաեւ կիսանդրու տակ փակցվող առուվաճառքի տարբեր հայտարարությունները. «Տախտակներ կան հայտարարության համար, ախր ամո՞թ չի»:
Տիկին Գորգիսյանը դեմ է եղել միջադեպի մասին ոստիկանական հաղորդագրության տարածմանը։
«Երեկ, որ ոստիկանությունից ասացին հաղորդագրություն տարածելու մասին, ասացի` իմաստ չունի ավելի մեծ աղմուկ բարձրացնել: Երեկ ես անմիջապես զանգահարեցի համատիրություն, ասացի, որ անմիջապես գան-ջնջեն, քանի որ անցորդները կարդում էին, շատ անպատվաբեր էր: Ուղղակի ես ոստիկաններին խնդրեցի, որ այդ հոգեկան հիվանդի դեմ միջոցներ ձեռնարկեն, եթե պետք է տանեն հոգեբուժարան, եթե միջոցներ չձեռնարկեն, կգա, էլի կգրի», - ասաց Ռուզան Գորգիսյանը:
Փետրվարի 18-ի երեկոյան կիսանդրու տակ գրված անպարկեշտ խոսքերն արդեն ջնջված էին։











