Երեւանի Գալշոյան 8/1 շենքից,  փետրվարի 9-ին սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել Գեւորգ Ս.-ին ու Ակսել Ն.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 8-ի երեկոյան իրավապահները Գալշոյան Միկոյան փողոցների խաչմերուկում նկատել են մի քաղաքացու, որը արյան մեջ շաղախված կծկված նստած է եղել մայթին:

Շտապօգնությունը քաղաքացուն տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից, ըստ կարգի, զանգահարել են Ոստիկանություն ու հայտնել, որ թիկունքի եւ ձախ կողի ծակած կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել  35-40 տարեկան` ինքնությունը չպարզված մի տղամարդ: Փետրվարի 9-ի առավոտյան քաղաքացին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:

Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են տուժողի բջջային հեռախոսը եւ նրանց հաջողվել է պարզել, որ մարմնական վնասվածք ստացողը եղել է Սարի թաղի բնակիչ Վարդան Մ.-ն: Վերջին բաժանորդը, որի հետ Վարդան Մ.-ն կապ է հաստատել, եղել է Գեւորգ Ս.-ն, որը Վարդանի վաղեմի ընկերն է եղել:

Դեպքի օրը Վարդանը զանգել է Գեւորգին, որ ճշտի տանն է, թե ոչ եւ առանց զգուշացնելու հյուր է գնացել: Ընկերները վիճել են եւ Ակսելն էլ որոշել է անկոչ հյուրին կարգի հրավիրել:

«Կռիվ եղավ: Հասել էր վրես, ես ել մի հատ ասեցի դանակով խփեմ, որ հելնի գնա»,- ոստիկաններին ասել է Ակսելը:

Հետո Ակսելը վերադարձել է տուն, Գեւորգին պատմել, թե ինչպես է վեճն ավարտվել: Գեւորգը Ակսելի ձեռքից վերցրել է դանակն ու պատուհանից դուրս նետել եւ չի թողել, որ նա իր տնից դուրս գա:

Քննչական փորձարարության ժամանակ Գեւորգը ցույց է տվել, թե որտեղ է գցել դանակը, իսկ Ակսելը խոստովանել է, որ այդ դանակով է Վարդան Մանուկյանին մարմնական վնասվածքներ հասցրել:

Ակսել Ներսիսյանը կալանավորված է:

Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: