Ուկրաինայում գործարար, ազգությամբ եզդի Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ դատապարտված Մերաբ Ալոյանի ընտանիքը Հայաստանում մեկուսացված է ապրում, քանի որ վախենում է եզդիների վրեժխնդրությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Կորյուն Գրիգորյանը, որը Մերաբ Ալոյանի ընտանիքի խնդրանքով զբաղվում է այդ գործով:
«Մերաբի կինն ու փոքր երեխան Հայաստանում են, բայց տեղն ասել չեմ կարող: Վախենում են, որ Շաբաբի հարազատները կարող են վրեժխնդիր լինել: Դրա համար են հասարակական կազմակերպությունները զբաղվում այս խնդրով»,- ասաց նա:
Կորյուն Գրիգորյանն ընդգծեց, որ ընտանիքն Ուկրաինայում էլ ապահով չէր. «Մերաբի թոշակառու ծնողներին դատարանում ծեծել էին. հոր 11 ատամները կոտրել, իսկ մորն էլ` ոտքը: Մերաբի կինն ու երեխան ստիպված հետ եկան, իսկ ավագ որդուն` Ռոմանին էլ առանց պատճառաբանության արտաքսեցին Ուկրաինայից»:
Կորյուն Գրիգորյանի խոսքով` միայն Մերաբի հարազատները չեն, որ հալածվում են. «Մերաբին ասել են, որ գաղութ մտնես, կենդանի դուրս չես գա, իսկ նրա ուկրաինացի փաստաբանին փետրվարի 13-ին փորձել են սպանել: Այս հարցով զբաղվող լրագրողներին ծեծում են, սպառնում, պահանջում, որ հրաժարվեն այս գործը լուսաբանելուց»:
Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները զարմանում են ուկրաինական արդարադատության եւ «աչքերն ամեն ինչի վրա փակելու վրա»: Համացանցում արդեն հայտնվել է տեսանյութ, թե ով եւ ինչու է պատվիրել հայ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը:
«Վիդեոյով պարզ երեւում է, որ Շաբաբի բարեկամ Արթուր Ալոյանն է հրամայել Շաբաբի սպանությունը եւ էդ ամեն ինչը գցել Մերաբ Ալոյանի վրա, որպեսզի էդ երկուսի ամբողջ հարստությունը մնա իրեն, ու էդպես էլ կա. Մերաբի հարազատները զրկվել են ամեն ինչից»,- ասաց Կորյուն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ Մերաբ Ալոյանի փաստաբանները պատրաստվում են դիմել Եվրադատարան:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել:











