Խոնավ ու խարխուլ պատերով երկու սենյականոց տնակում ապրող 63-ամյա Ֆլորա Թորոսյանն այլեւս հույս չունի, որ բնակարան կստանա, չնայած տարիներ շարունակ պետական մարմիններից ստացված նամակներում ընտանիքին խոստացել են, որ նրանք բնակարան կունենան։
Տիկին Ֆլորան իր միակ որդու՝ Հարություն Քիշմիրյանի եւ նրա հինգ անչափահաս երեխաների հետ ապրում է նույն տնակում, որի պատերն այս ձմեռ ավելի են խոնավացել, խնդիրները` ավելացել։
Տիկին Ֆլորայի խոսքով, փոքրիկ տնակը, որտեղ նրանք ապրում են շուրջ 35 տարի, ժառանգություն է ստացել ծնողներից, բայց փող չունի, որպեսզի այն իր անունով գրանցի:
«Էս տունն էլ իմը չի, քեռիս ա տվել, որ ապրենք: Կարող ա՝ մի օր էլ ծախի, մենք էլ ստիպված դուրս գանք»,- News.am-ի հետ զրույցում ասաց Հարությունը, որը մշտական աշխատանք չունի ու ստիպված է 51 հազար դրամ նպաստով ընտանիքը կերակրել ու մուծել կոմունալ վարձերը:
«Հիմա չկա գործ Հայաստանում: Փոխանակ հիմնարկներ բացեն, բարեր ու գիշերային ակումբներ են բացում»,- վրդովված ասաց հինգ անչափահասների հայր Հարությունը:
Հարությունի կինը, որը երեխաների խնամքով է զբաղված (կրտսերը 1.5 տարեկան է), ի վիճակի չէ աշխատել։ Սկեսուրը պատրաստ է աշխատել, բայց 63-ամյա կնոջը ոչ ոք աշխատանք չի տալիս։
«Ես մենակ կնիկ, անմարդ կնիկ, չեմ աշխատում, թոշակ չեմ ստանում, մի նպաստի հույսով եմ ապրում: Որտեղ գնացել եմ գործի, չեն ընդունում: Ասում են` պիտի ջահել լինես, յուբկադ կարճ լինի, քսված լինես: Ես քրիստոնյա ազգից եմ, ինչի ես անառա՞կ եմ, փողոցայի՞ն եմ»,- բողոքեց տիկին Ֆլորան:
Ընտանիքը տունը կահավորել է իրենց տները վերանորոգած հարեւանների հին իրերով, տան ամենաարժեքավոր իրերը բարեկամների նվիրած սառնարանն է, եւ մի ազատամարտիկի նվիրած համակարգիչը։
Երեխաները քնելու տեղ չունեն. քնում են խոնավ հատակին։
«Մեծ տղա թոռներս ծոցս են քնում: Տեղաշոր էլ չունենք, ամաչում եմ»,- ասաց տիկին Ֆլորան:











