Երկրապահ կամավորների միությունն այսօր՝ մայիսի 8-ին, վաղ առավոտյան այցելեց Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գեներալ Մանվել Գրիգորյանն առավոտյան ժամը 8-ից երկրապահների հետ Եռաբլուրում էր: Շուտով նրան միացան Ազգային ժողովի պատգամավորներ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Ներկաներ ծաղիկներ դրեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ Անդրանիկ Զորավարի հուշարձանին: Երկրապահի անդամներն այս պահին Էջմիածնում են, որտեղ մասնակցում են պատարագի:
Նշենք, որ մայիսի 8-ը Երկրապահի օրն է, որը պետական տոնացույցում ընդգրկվել է 2002թ.-ից: Երկրապահի օրը նշվում է Շուշիի ազատագրման օրը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











