Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկ Հովսեփ Հակոբյանը ցույց է տալիս Արցախի հերոսամարտում իր ներդրման համար ստացած մեդալները։ Ասում է, որ չի կարեւորում դրանք, բայց կա մի մեդալ, որը կուզեր տեսնել իր փոքրիկ հավաքածուում՝ Շուշիի ազատագրման համար։ Հովսեփ Հակոբյանն այն 26 մարտիկներից մեկն էր, որ 1992թ. մայիսի 8-ին առաջինը մտան Շուշի։

«2000-ից ավելի մարդ  պարգեւատրվել է Շուշիի ազատագրմանը մասնակցելու համար, մինչդեռ իրականում ազատագրմանը ավելի քիչ մարդ է մասնակցել։ Պատերազմը դեռ նոր էր ավարտվել, ինձ առաջարկեցին, որ պարգեւատրվեմ, հետո մոռացան ու երեւի թե մեր 26 տղաներից ոչ մեկն էլ  չի ստացել»,- պատմում է ազատամարտիկը։

«Իրականում էս մետաղի կտորները չեն էականը»,- ասում է ազատամարտիկը, որը 22 տարի անց առանց հուզմունքի չի կարողանում հիշել հաղթական ժամերի մանրամասները։

«Կոնկրետ Շուշիի ուղղությամբ, Կրկջանի կողմից 26 հոգի էինք ժայռի վրա մագլցողներով: Ստացվեց. պատահականությունն ու խուճապը հաղթանակ բերեցին։ Այսօր էլ ռազմագետները Շուշիի օպերացիան համարում են աբսուրդ, որովհետեւ նման բան չի լինում, որ մի քանի հոգի, կիսազինված բարձրանան ու այդ անառիկ ամրոցը գրավեն»,- ասում է ազատամարտիկը:

Այն ինչ, «անհնարին» են համարում ռազմագետները, Հովսեփ Հակոբյանի համար պարզ բացատրություն ունի.

«Դա հնարավոր է, երբ հայը զենք է վերցնում եւ երբ քո թշնամին թուրքն է։ Առանց Շուշիի ազատագրման չէր կարող լինել Ղարաբաղ եւ Ղարաբաղի անկախություն։ Եթե թուրքը մի քիչ կռվող լիներ, մի քիչ ազգի նմանվեր իր հնարավորություններով, իր քանակով, իր զինվածությամբ, էսօր մենք պետք է գոյություն չունենայիք»,- ասում է Հովսեփ Հակոբյանը։

Ազատամարտիկը հիշում է, որ Շուշիի ազատագրման օպերացիան մի քանի անգամ հետաձգվեց, վերջինը՝ ձյան պատճառով. «Մենք այդ ժամանակ Մարտունու շրջանում էինք, պայմանավորվածություն կար, որ Կոմանդոսը պիտի զանգեր, ասեր «Ребята, приезжайте за сигаретами», դա նշանակում էր, որ Շուշիի օպերացիան էր սկսվում։ Մայիսի վեցն էր, որ Կոմանդոսը զանգեց եւ մենք գնացինք սիգարետների հետեւից: Ամսի 7-ի գիշերը, 12-ի կողմերը, մենք սկսեցինք բարձրանալ։ Իրականում Շուշին ազատագրվեց ամսի 8-ին, բայց ֆիքսվեց մայիս 9-ը»։

Ազատամարտիկի կարծիքով` Շուշիի հաղթանակը չէր լինի առանց Կոմանդոսի՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի։ «Ինձ համար Շուշիի հաղթանակը սկսվում եւ վերջանում է Կոմանդոսով»։

Շուշիի ազատագրման պլանը հույժ գաղտնի է պահվել, այդ թվում՝ այն ժամանակ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ վստահ է ազատամարտիկը. «Որովհետեւ եթե գաղտնի չպահվեր, կարճ ժամանակ հետո Կոմանդոսին չէին հեռացնի Շուշիից»։

Մոնթեի ջոկատի ազատամարտիկը Շուշի մտավ առանց հրամանատարի. «Եթե սկսվեր Շուշիի օպերացիան, ադրբեջանցիները փորձելու էին  ամբողջ ռազմական գծով խանգարել այդ օպերացիան։ Դրա համար Մոնթեին թույլ չտվեցին շարժվել Շուշի, որ պահի Մարտունին»։ Մոնթեին թույլ չտվեցին, բայց նրա ջոկատի մարտիկները մասնակցեցին Շուշիի ազատագրման գործողություններին։

Ազատամարտիկն ասում է՝ Արցախի անկախությանը զենքով հասնելուց հետո հիմա ժամանակն է ամրագրելու այդ կարգավիճակը՝ «առանց զենքի, միջազգային հանրության ասպարեզում», իսկ հետագա հաղթանակներն ապահովելու համար՝ չմոռանալ նրանց, ում կյանքի գնով՝ հասանք այդ հաղթանակին։