Հայրենական մեծ պատերազմի վետերան, 90-ամյա Սերգեյ Պերճյանը դժգոհ է իր հանդեպ հասարակության վերաբերմունքից:

«Հասարակության մեջ մի 10-20 տոկոս կա, մեզ շատ վատ է տրամադրված: Մեզ անպատվում են շատ անգամ, ասում են՝ ռուսների համար եք կռվել, գնացեք, թող Պուտինը պահի ձեզ: Ավտոբուսի մեջ մշտական տոմսս ցույց եմ տալիս, ասում ա՝ հլա կա՞ք: Բայց եթե մենք չհաղթեինք, չէինք ունենա էս երկիրը: 100 տոկոսով և Ղարաբաղ, և ազատամարտիկներ չէին լինի, էլ արդեն մեր ազգը կփչանար: Թուրքական արյուն կհոսեր շատերի երակների մեջ: Էս կլիներ Թուրքիայի տերիտորիան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց վետերանը։

Նա պատմեց, որ պատերազմի ժամանակ ինքը մի քանի անգամ վիրավորվել է, բայց ապաքինվելուն պես վերադարձել է ճակատ, հասել է Բեռլին։

«Բեռլինում շատ թեժ մարտեր ենք մղել: Բեռլինի չորս կողմը կանալներ են: Նենց փիս հատված էինք ընկել, որ կանալ պիտի անցնեինք, չէինք կարում անցնեինք: Փոքրիկ գերմանացի երեխաներ 13-14 տարեկան մեզ գնդակոծում էին: Ես զեկուցեցի հրամանատարին, ասում եմ՝ ախր երեխա է, ո՞նց անենք: Ասեց՝ հետևից մեկը ավտոմատով կրակում ա երեխեքի ոտքերի տակ, վախացնում ա։ Սնայպերը եկավ, դրան ոչնչացրեց, երեխեքը զենքը գցին, փախան»,- պատմեց Սերգեյ պապը։

Սերգեյ պապիկն այժմ ապրում է Հայաստանում, ամեն տարի մայիսի 9-ին այցելում է «Հաղթանակ» զբոսայգի: 90-ամյա վետերանն այժմ էլ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մեկնելու ռազմի ճակատ. «Աստված ոչ անի հիմա որ պատերազմ լինի, ես 90 տարեկան եմ, բայց կգնամ: Կնստեմ մեքենա, ճմռելով կգնամ Բաքու կհասնեմ»: