Կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 85 տարեկան հասակում կյանքից հեռացած Կոնստանտին Օրբելյանին այսօր՝ մայիսի 11-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտ տվեցին արվեստագետներ, քաղաքական գործիչներ ու հասարակ քաղաքացիներ:

«Սա մեծ կորուստ էր՝ մարդու, ստեղծագործողի, լավ հայի: Կան անհատականություններ, ում տարիքը չես նկատում եւ միայն մահկանացուն կնքելիս հասկանում ես, որ տարիք հասկացություն կա: Օրբելյանն այն անձնավորությունն էր, որի համար տարիքն իսկապես նշանակություն չուներ: Մինչեւ վերջին պահը նա ստեղծագործական մտահղացումներով լի էր: Իր պահանջկոտությունը թե իր նկատմամբ, թե իր ու ուրիշի ստեղծագործություների նկատմամբ շատ բարձր մակարդակի վրա էր եւ դա կարելի է չափանիշ համարել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:

Կոնստանտին Օրբելյանի  հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրամյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարարը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արվեստագետներ ու նրա արվեստի սիրահարներ:

Կոմպոզիտորին հրաժեշտ տալու էին եկել մի քանի տասնյակ՝ հիմնականում մեծահասակ քաղաքացիներ: 

«Ես այսօր հանդիպեցի շատ արվեստագետների հետ, որոնք պատիվ էին ունեցել  շփվել մեծն մաեստրոյի հետ ու  մի ցավալի բան կար: Ցավոք այս նոր աճող սերունդը շատ բան չգիտի նրա մասին: Մեծություն է մեզանից հեռացել եւ ես հույս ունեի, որ հարգանքի տուրքի մատուցումը պետք է ուրիշ տեսակի լիներ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Ֆորշը:

Կոնստանտին Օրբելյանին հրաժեշտ տվեցին ծափահարություններով, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից նրա մարմինը դուրս բերելիս հնչում էր «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» ստեղծագործությունը:

Հոգեհանգստի արարողությունից հետո արվեստագետին հուղարկավորեցին Կոմիտասի անվան պանթեոնում:

Հիշեցնենք, որ  կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը մահացել էր  ապրիլի 24-ին՝  Լոս Անջելեսում: Մեկ ամսից պետք է լրանար կոմպոզիտորի 86 ամյակը:

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից եւ եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը:

1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար եւ ակարդիոնահար: Որոշ ժամանակ անց, ռազմական օրկեստրի հետ, համերգներով հանդես է եկել Երեւանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945թ-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաեւ ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»:

1952թ. ընդունվել է Երեւանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956թ-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ: 1962թ. Մոսկվայում անցկացվող ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է «Անմահություն» բալետը:

36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չէս, ով պետք է ինձ», «Հիշեք» եւ այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

1992թ. մեկնել էր ԱՄՆ եւ բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգեւատրվել էր ՀՀ Պատվո շքանշանով: